«Մենք Հայաստան ենք բերում մեր գիտելիքներն ու փորձը». գերմանացի ուռուցքաբանը «Աստղիկ» ԲԿ-ում...

«Մենք Հայաստան ենք բերում մեր գիտելիքներն ու փորձը». գերմանացի ուռուցքաբանը «Աստղիկ» ԲԿ-ում մասնակցել է սեմինարին

6

Հայաստանում ուռուցքային հիվանդությունների բուժման մակարդակը դեռեւս 5 տարի առաջ լավագույնը մաղթելու հույս էր ներշնչում, իսկ այսօր Հայաստանում բժշկությունն անճանաչելիորեն փոխվել է. հայ մասնագետներն այսօր Եվրոպայում կիրառվող բուժման մեթոդներ են օգտագործում եւ դա մեծ հաջողությամբ են անում: NEWS.am Medicine-ի հետ զրույցում այսպիսի տեսակետ հայտնեց Հեյդելբերգի (Գերմանիա) համալասարանական կլինիկայի պրոֆեսոր Քրիսթոֆ Զոնը, որը մեկշաբաթյա այցով Հայաստանում է, որի շրջանակներում «Աստղիկ» բժշկական կենտրոնում պատրաստվում է քաղցկեղի գինեկոլոգիական տարբեր տեսակներով տառապող ավելի քան 200 հիվանդի ընդունել, նաեւ ելույթ ունենալ հայ բժիշկների համար կազմակերպված սեմինարներին:

Պրոֆեսոր Զոնը Հայաստանում բժշկության զարգացման մակարդակին ծանոթ է ոչ լսելով. նա տարեկան 3-4 անգամ այցելում է «Աստղիկ» ԲԿ, խորհրդատվություն է անցկացնում հիվանդների հետ, վիրահատություններ է կատարում, բարդ դեպքերում օգնում է տեղացի բժիշկներին: Նրա խոսքով՝ հայ հիվանդներն այսօր ախտորոշման եւ բուժման համար այլեւս Գերմանիա մեկնելու կարիք չունեն՝ գերմանացի մասնագետներն իրենց գիտելիքները եւ փորձը Հայաստան են բերում::

Պրոֆեսորը նշեց, որ այս տարիների ընթացքում սիրեց Հայաստանը եւ սաստիկ կապվեց մեր երկրին. նրան շատ են դուր գալիս մարդիկ, եղանակը եւ հին եկեղեցիները: Իսկ «Աստղիկ» ԲԿ-ն է ընտրել, քանի որ այստեղ հրաշալի սարքավորում է տեղադրված՝ գործնականում ճիշտ այնպիսին, ինչպիսին եվրոպական երկրներում է կիրառվում:

Երեւանի գինեկոլոգների եւ ընտանեկան բժշկների համար «Աստղիկ» ԲԿ-ի կազմակերպած սեմինարների շրջանակներում դոկտոր Զոնը խոսել է քաղցկեղային հիվանդությունների ճշգրիտ ախտորոշման եւ այդ նպատակով բոլոր ժամանակակից սարքավորումների օգտագործման մասին: Մասնավորապես՝ որոշ հայ բժիշկներ զգուշանում են քաղցկեղն ախտորոշելիս բիոփսիա կատարելուց, իսկ շատ հիվանդներ այս մեթոդից անգամ վախենոում են՝ անհանգստանալով, որ այն կարող է նպաստել քաղցկեղի տարածմանը: Մինչդեռ այս կարծիքն իրականությանը չի համապատասխանում, պնդում է պրոֆեսորը:

«Մենք Եվրոպայում արդեն ավելի քան 40 տարի բիոփսիան օգտագործում ենք, եւ առանց դրա ոչ մի բուժում չի նշանակվում: Հայաստանում որոշ մարդիկ վախենում են, որ բիոփսիայի հետեւանքով քաղցկեղը կարող է տարածվել, սակայն իրականում դա այդպես չէ. քաղցկեղն ինքնըստինքյան տարածվում է, եւ հաճախ դա տեղի է ունենում բիոփսիա կատարելուց շատ տարիներ առաջ: Ուստի մենք կարող ենք վստահաբար ասել, որ բիոփսիան քաղցկեղի տարածման չի հանգեցնում, այս մասին է վկայում նաեւ գիտական գրականությունը: Հակառակը՝ բիոփսիան օգնում է հասկանալ, թե քաղցկեղի հատկապես ինչ տարատեսակի հետ գործ ունենք, եւ դրա դեմ որ բուժումն առավել արդյունավետ կլինի», – ասաց պրոֆեսորը:

Բժշկ-ռադիոլոգ Նունե Մաշուրյանն, իր հերթին, նշեց, որ պրոֆեսոր Զոնի եւ նրա գործընկերների այցերը հայ բժիշկների համար անչափ կարեւոր են, քանի որ ուռուցքային եւ այլ հիվանդությունների բուժման բնագավառում մասնագետների փորձի փոխանակման հնարավորություն են ընձեռում: Մասնագետը նշեց, որ «Աստղիկ» ԲԿ-ի վերջին սեմինարը նվիրված է կրծքի քաղցկեղի ախտորոշման եւ բուժման խնդիրներին, որը կանանց շրջանում քաղցկեղի ամենատարածված տեսակն է ինչպես աշխարհում, այնպես էլ Հայաստանում:

Սեմինարը, որի ընթացքում, պրոֆեսոր Զոնից բացի, ելույթ են ունեցել «Աստղիկ» ԲԿ-ի ուռուցքաբանները, ռադիոլոգները եւ գինեկոլոգները, նախատեսված է գինեկոլոգների եւ ընտանեկան բժիշկների համար: Նունե Մաշուրյանը մեծապես կարեւորեց, որ վերջիններս իմանան, թե որ դեպքերում է անհրաժեշտ հիվանդին լրացուցիչ հետազոտության ուղարկել՝ վտանգավոր ուռուցքները ժամանակին ախտորոշելու համար, իսկ երբ ուղղակի հանգստացնել եւ տուն ուղարկել:

Մասնագետի խոսքով՝ չնայած արդեն 21-րդ դարում ենք ապրում, դեռեւս պատահում են դեպքեր, երբ կրծքի քաղցկեղը բավական ուշ է ախտորոշվում՝ անչափ բարձիթողի վիճակում: Բոլորովին վերջերս «Աստղիկ» ԲԿ-ում կրծքի քաղցկող է ախտորոշվել 34-ամյա կնոջ մոտ, ով կրծքով կերակրվող 5 ամսական երեխա ուներ: Նրա գինեկոլոգը ժամանակին նրան խորհուրդ էր տվել ուռուցքի համար չանհանգստանալ եւ շարունակել երեխային կերակրել՝ իբրեւ թե ամեն ինչ ինքնաբերաբար կվերանա: Մինչդեռ ուռուցքը չի վերացել, հակառակը՝ սկսել է մեծանալ: Արդյունքում, երբ կինը վերջապես բժիշկի է դիմել, նրա մոտ հայտնաբերվել է 3-րդ փուլում գտնվող կաթնագեղձի քաղցկեղ:

Նունե Մաշուրյանը նշեց, որ համանման սեմինարները գինեկոլոգներին եւ ընտանեկան բժիշկներին կարող են անհրաժեշտ գիտելիքներ տալ, որխեսզի նրանք կարողանան ժամանակին կասկածել քաղցկեղի առկայությունը եւ հիվանդներին հետագա գործողությունների վերաբերյալ ճիշտ խորհուրդներ տալ: Ի վերջո՝ հատկապես վաղ ախոտորոշումն է քաղցկեղային շատ հիվանդությունների հաջող բուժման բանալին:

4

5

7

8

9

10

11

12

20

21

22

23

14

1

15

16

17

18

19

2

3

4-2