Հուշում են գեները․․․

Հուշում են գեները․․․

Հայտնի է, որ ամառային շոգերի սկսվելու հետ մեկտեղ մարդու օր­գանիզմում արտաքին և ներքին հոմեոստազը կարգավորելու հա­մար սկսում է աշխատել օրգանիզմի քրտնարտադրության նոր աշխա­տանքային ռեժիմ: Սա, անշուշտ, անհանգստացնում է շատերին՝ նախևառաջ քրտինքի հոտի պատ­ճառով. եթե այն կա, ուրեմն կարե­լի է խոսել ժամանակակից մարդու հիգիենիկ անմխիթար վիճակի մա­սին (իհարկե, եթե պատճառը որևէ հիվանդություն չէ):

Գիտնականները, սակայն, այլ կար­ծիքի են:  Պարզվում  է՝ մարդակային գեները կարող են իրար ճանաչել նաև քրտինքի հոտի միջոցով: Քրտինքի հոտն է որոշում՝ ով է ավելի հոգեհարազատ ձեզ: Ասածից պետք չէ կարծել, որ օծանելիքի փոխարեն հենց այդ հոտը պետք է զգա ձեր քթըմպանը: Քրտինքի հոտը շատ նրբանկատորեն ընկալվում է մեր գեների կողմից նույ­նիսկ այն ժամանակ, երբ բացարձակա- պես պահպանված են հիգիենայի բոլոր կանոնները:        Քրտնազատման ընթացքում տղամարդկանց մոտ անջատվում են «հոտավետ» այնպիսի նյութեր, որոնք ի վիճակի են ազդել կնոջ սեռական օր­գանների աշխատանքի վրա՝ նպաստե­լով դրանց երիտասարդ մնալուն: Եվ սա դեռ ամենը չէ. այն, ինչ մենք կոչում ենք սեր՝ առաջին հայացքից, հրապուրանք կամ կիրք, ոչ այլ ինչ է, եթե ոչ սեր այդ հոտի առաջին զգացողությունից: Գիտ­նականներն այս հարցում միակարծիք են: Եվ այսպես…

Ի՞նչ հոտ ունեն մեր գեները

Եթե ձեզ դուր է գալիս որևէ մարդու քրտինքի հոտը, կնշանակի՝ դուք պար­զապես նմանություն եք գտել տվյալ մար­դու և ձեր գեների միջև: Կատարվել է գիտափորձ. 50 կնոջ առաջարկվել է 10 տուփ, որոնցում եղել են տղամարդու քրտնահոտով վերնաշապիկներ:     Փոր­ձարկվողներին առաջարկված էր ընտ­րել այն վերնաշապիկները, որոնց հոտն ավելի ընդունելի էր իրենց: Չիկագոյի համալսարանի պրոֆեսոր Քերոլ Օրերը հայտնաբերեց հետաքրքիր մի օրինա­չափություն. կանայք ընտրում էին այն հոտերը, որոնք ոչ շատ հեռու, ոչ էլ շատ մոտ էին իրենց սեփականին: Աշխատում էր կարծես թե ընտրությունը «ոսկե միջի­նով» կատարելու սկզրունքը: Գիտնակա­նին զարմացրել էր հոտերի նկատմամբ կանանց ցույց տված արձագանքը. իգա­կան սեռի ներկայացուցիչների նախընտ­րությունը պայմանավորվում էր հոր կող­մից ժառանգած հոտի գենով, մինչդեռ մոր կողմից փոխանցված հոտի գենի նմանությամբ բույրը վանում էր նրանց:

Երկար քիթ ունենալն այլևս սարսափելի չէ

Սեքսոլոգները վախենում են այն մարդկանց համար, ովքեր հանուն գեղեցկության պատրաստվում են վիրա­հատել իրենց քիթը: Քթի առաջամասում են գտնվում նուրբ հոտերի ընկալիչները: Եթե այդ բջիջները վնասվեն, վտանգ կա, որ կխախտվի նաև տվյալ անձի սեքսուալ ընկալումների ռեակցիան: Ի դեպ, այդ բջիջների մասին. նրանց զգայունությունը տարատեսակ հոտերի նկատմամբ տար­բեր մարդկանց մոտ տարբեր է՝ կախ­ված տվյալ օրգանիզմում հորմոնների արտազատման քանակից և նյարդային համակարգի վիճակից: Հետաքրքիր մի օրինաչափություն ևս՝ հարավաբնակների սեքսուալ հոտառությունն ավելի սուր է, քան հյուսիսաբնակներինը:

Պարզվել է նաև, որ տղամարդկանց մոտ կնոջ հմայքն ընկալող հոտի գենն արագ է արձագանքում, մնում է հուսալ, որ կնոջ քթըմպանում այդ տղամարդու հոտի նկատմամբ կանխավ ձևավորված «դրական վերաբերմունք» լինի…

Նյութը՝ Լուսինե Հայրապետյանի
«Ֆարմ Արմենիա» ամսագիր, համար 1

NO COMMENTS

Թողնել պատասախան