Գարնանային ավիտամինոզ

Գարնանային ավիտամինոզ

Գարնանը, երբ բնությունն արթնանում է ձմռան քնից, իսկ արևն օր-օրի ավելի ուժեղ է տաքացնում, շատերը, բնության զարթոնքից ուրախանալու փոխարեն որոշակի անհարմարություն են զգում.  նրանց մոտ դիտվում է վատ տրամադրություն, քրոնիկ հոգնածություն, դյուրագրգռություն, ինչպես նաև տարբեր հիվանդությունների հանդեպ ընկալունակության բարձրացում:

Բացատրությունը շատ պարզ է.  մեր օրգանիզմը վիտամինների պակաս է զգում ձմռան ընթացքում:Այս երևույթը կոչվում է ավիտամինոզ: Ավիտամինոզը հիվանդություն է, որն առաջանում է օրգանիզմում այս կամ այն վիտամինի անբավարարության պատճառով: Գիտական տերմինալոգիայով ավիտամինոզ անվանում են մարդու օրգանիզմում որևէ վիտամինի կամ վիտամինային խմբի լրիվ բացակայությունը: Նման բան, հատկապես զարգացած երկրներում խիստ հազվադեպ է հանդիպում: Իսկ ընդունված  «գարնանային ավիտամինոզ» անվանումը ենթադրում է հենց վիտամինների պակաս (հիպովիտամինոզ), ոչ թե լրիվ բացակայություն:

Գարնանային թուլություն

 Գարնանն օրգանիզմի պաշտպանական ուժերը թուլանում են և հնարավորություն չեն տալիս դիմակայել տարբեր հիվանդություններին, որոնք հիպովիտամինոզի դեպքում շատ ավելի դժվար են բուժվում և կարող են անցնել քրոնիկ ձևի:

Գարնանը մեծանում է լուսային օրվա տևողությունը և երկրագնդի մագնիսական դաշտի լարվածույթունը: Որպես հետևանք բարձրանում է մարդու նյարդային համակարգի ակտիվությունը, դիտվում է հորմոնների գերարտադրույթուն: Օրգանիզմն ասես վերակառուցվում է՝ այս ընթացքում դառնալով զգայուն տարբեր անբարենպաստ ազդեցությունների, այդ թվում՝ եղանակային տատանումների հանդեպ: Այս ամենը բերում է իմունիտետի անկմանը, հենց այդ պատճառով էլ գարնանը դիտվում են վերին շնչուղիների, թոքերի, ստամոքսաղիքային տրակտի բորբոքային հիվանդություններ և ալերգիաներ:

Ովքեր են հակված վիտամինային անբավարարության

Հիպովիտամինոզն ավելի սպառնում է երեխաներին և ծերերին, ալկոհոլի և ծխախոտի սիրահարներին, հղի կանանց և կերակրող մայրերին, խիստ դիետաների սիրահարներին և բուսակերներին, սուր վարակային հիվանդություններ տարած մարդկանց և քրոնիկ հիվանդություններ կրողներին, ինչպես նաև նրանց, ովքեր ունեն մտավոր և ֆիզիկական խիստ ծանրաբեռնվածություն:

Պատճառները

-խանգարված մարսողության ընթացք, ինչի հետևանքով ընդունվող սնունդն ամբողջությամբ չի մարսվում և օգտակար նյութերը դուրս են բերվում օրգանիզմից,

-սննդի մեջ վիտամինները բացակայություն կամ քիչ  քանակ. դա լինում է խիստ դիետաների հետևելիս, միատեսակ սնվելիս կամ թերսնվելիս,

-նյութափոխանակության խանգարում և օրգանիզմի պաշտպանական ուժերի թուլացում:

Հիպովիտամինոզ կարող է առաջանալ որոշ հիվանդությունների բուժման ժամանակ՝ հակավիտամինների ազդեցության հետևանքով:

Ինչու են պետք վիտամինները

Որպեսզի օգնենք մեզ և մեր հարազատներին հաղթահարել գարնանային հոգնածությունն ու ազատվել գարնանային ավիտամինոզից, զինվենք որոշ գիտելիքներով: Սկզբում հասկանանք, թե ինչ է կատարվում օրգանիզմում այս կամ այն վիտամինի անբավարարության դեպքում:

-վիտամին A-ի անբավարարության դեպքում հաճախանում են վարակային հիվանդությունները, դանդաղում է ոսկրերի աճը, զարգանում է հավկուրություն:

B խմբի վիտամինների անբավարարությունը բերում է ռադիկուլիտի, ռևմատիզմի, սիրտ-անոթային հիվանդությունների սրացմանը: Այս վիտամինների անբավարարության դեպքում խանգարվում է նյարդային համակարգի գործունեությունը, զարգանում է սակավարյունություն և մաշկի բորբոքում: Դիտվում է սրտխառնոց, կոնյուկտիվիտ, մազերի վաղ ճերմակում, ենթաստամոքսային գեղձի և լյարդի հիվանդություններ, երեխաների մոտ ՝ աճի դանդաղում:

վիտամին C–ի անբավարարությունը բերում է սրտային հիվանդությունների, ատամների քայքայման և իմունիտետի անկման:

Օրգանիզմում մյուս օգտա

կար տարրերի անբավարարությունը կարող է բերել ոչ պակաս կարևոր հետևանքների. մարսողության խանգարում, արյունահոսություն, ճաղատացում, վահանաձև գեղձի գործունեության խանգարում, արագ  ծերացում, քաղցկեղային հիվանդությունների զարգացում:

Վիտամիններն ու հանքանյութերն անհրաժեշտ են մեզ նորմալ նյութափոխանակության, հյուսվածքների թարմացման համար: Իսկ օրգանիզմում դրանց անբավարարության պատճառը ոչ միայն սթրեսն ու անբարենպաստ էկոլոգիական վիճակն է, այլև անորակ և չբալանսավորված սնունդը:

Ճիշտ սննդակարգը սպիտակուցներով, ածխաջրերով և վիտամիններով հարուստ սննդակարգն է:

Գարնանային ավիտամինոզին դիմակայելու համար եկեք պարզենք, թե կոնկրետ որտեղ պետք է փնտրել այս կամ այն վիտամինը:

Վիտամին A՝ գազար, բազուկ, լոլիկ, կարմիր պղպեղ, ծիրան:

Վիտամին B1` ընկույզ, լոբազգիներ, խոզի միս, տավարի միս, բրինձ, հնդկաձավար:

Վիտամին B2` բանջարեղեն, ձու, կաթ, ձուկ, միս:

Վիտամին C՝ ցիտրուսային մրգեր կաղամբ, լոբազգիներ, խնձոր, ելակ:

Վիտամին D` կաթ, կաթնամթերք, կարմիր ձուկ, լյարդ:

Վիտամին E` բուսական յուղ, կանաչեղեն:

Դիետան` ավիտամինոզի դեպքում

Գարնանային ավիտամինոզը կանխելու համար պետք է առաջին հերթին կարգավորել սննդակարգն այնպես, որ օրգանիզմ մտնի անհրաժեշտ քանակի սպիտակուց, ճարպ և ածխաջուր, իսկ դա նշանակում է, որ մեր օրգանիզմը պետք է ընդունի բավարար քանակությամբ դյուրամարս մթերք, որը պարունակի վիտամիններ և ամինաթթուներ: Դա թարմ և սառեցված մրգերն ու բանջարեղենն են, կանաչին, կարմիր միսը, թռչնի միսը, ձուկը:

Գարնանը, երբ սնունդը հիմնականում կենդանական է, օրգանիզմում թթվահիմնային հավասարակշռությունը շեղվում է դեպի թթվայինը: Դա պայմանավորված է նրանով, որ կենդանական ծագման ուտելիքները փոխանակման ընթացքում առաջացնում են ավելի շատ թթվային նյութեր, դա է թուլության զգացման պատճառը: Իսկ բուսական սնունդը հիմնայնացնում է արյունը և կանխում գարնանն ինքնազգացողության վատացումը:

Կանաչեղենն ու բանջարեղենը պարունակում են նյարդային, էնդոկրին համակարգի, մկանների, ինչպես նաև տարբեր ներքին օրգանների վրա դրական ազդեցություն ունեցող հակաօքսիդանտներ, ֆիտոցիդներ, եթերային յուղեր, օրգանական թթուներ: Ուտելիք պատրաստելու համար օգտագործեք թարմ կամ թեկուզ սառեցված բանջերեղեն, որն իր հատկություններով գրեթե չի զիջում թարմին, եթե իհարկե կրկնակի չի սառեցվել և ճիշտ է պահվել:

Վիտամինների և այլ օգտակար նյութերի համար մթերքների ջերմային մշակվումը ցանկալի է իրականացնել ցածր ջերմաստիճանի պայմաններում և որքան հնարավոր է կարճ ժամանակում, իսկ մսեղենը ցանկալի է եփել ջեռոցում` փայլաթիթեղի մեջ փաթաթած:

Գարնանային և վաղ ամառային շրջանում օգտակար են ոչ միայն թարմ բանջարեղենը, այլև թթու կաղամբը,  վարունգն ու լոլիկը:

Բալանսավորված սնունդը ենթադրում է որոշակի սննդի ռեժիմ, այսինքն՝ յուրաքանչյուրը պետք է որոշի թե հատկապես ինչ ռեժիմ է իրեն համապատասխանում և խիստ հետևի դրան:

Կենսակերպն ու ավիտամինոզը

Գարնանը վիտամինային անբավարարությունը կանխելու  համար մեծ նշանակություն ունեն արևի ճառագայթներն ու թարմ օդը, օրինակ՝ վիտամին D-ն առաջանում է արևի ուլտրամանուշակագույն ճառագայթների տակ, այնպես որ փորձեք շատ մնալ արևի տակ: Օգտակար է նաև երեկոյան զբոսանքը:

Մի մոռացեք ֆիզիկական ակտիվության մասին, հատկապես, եթե աշխատանքը պասիվ ոճի է:

Առողջ եղեք: