Բացառիկ վիրահատություն. վերականգնվել է ամբողջությամբ կտրված ձեռքը

Բացառիկ վիրահատություն. վերականգնվել է ամբողջությամբ կտրված ձեռքը

«Նատալի ֆարմ-Մալաթիա» ԲԿ-ում 12 ժամվա ընթացքում վերականգնել են ամբողջությամբ կտրված ձեռքը:

 

Ընդունարանի բժիշկն առաջին պահին մտածել է` կատակ է կամ ինչ-որ թաքնված նկարահանում: Խոսքը մի քանի օր առաջ «Մալաթիա» բժշկական կենտրոն ընդունված քաղաքացու մասին է: 56-ամյա Միսակ Փիլոյանը արտադրական ծանր վնասվածք է ստացել` մեկ անզգույշ շարժումի արդյունքում կորցնելով ամբողջ աջ ձեռքը: Ամեն ինչ` ինչպես սարսափ-ֆիլմում: Միսակի հետեւից ընդունարան է մտել ընկերը` տոպրակի մեջ բերելով ձեռքը:

Նման իրավիճակներում է բացահայտ երեւում անձնակազմի թիմային ոգին: Օրը ոչ աշխատանքային էր, բայց րոպեներ անց արդեն մեկ մարդու նման վիրահատարանում էին միկրովիրաբույժների, անոթաբանների, նյարդաբանների, վնասվածքաբանների եւ վերակենդանացման բժիշկների բրիգադները: Ընդհանուր հաշվով` մոտ երեք տասնյակ բուժաշխատող, նրանցից 9-ը` մասնագիտացված վիրաբույժներ, վիրահատությունը տևել է 12 ժամ: Միսակ Փիլոյանն արդեն վերակենդանացման բաժանմունքում է: Բժիշկներն ասում են` պինդ տղամարդ է, քայլել է ուզում, աշխատել:

Գլխավոր բժիշկ Ռոբերտ Կուրղինյանը նշում է, որ նման արտակարգ դեպքեր հազվադեպ են պատահում, բայց կենտրոնը պատրաստ է ցանկացած միջամտություն կատարել ցանկացած պահի: Նա հպարտությամբ է ցույց տալիս առիթմոլոգիայի բաժանմունքը, որը բնույթով եզակի է հանրապետությունում: Այստեղ ախտորոշված հիվանդներին բարձրակարգ ծառայություններ է առաջարկում սրտաբանական բաժինը:

Այս կադրերում պարզ երեւում են սիրտը սնուցող պսակաձեւ զարկերակների նեղացումներն ու այդ հատվածների ստենտավորումը: Միքայել Ադամյանն ասում է, որ ամսական 100-ից ավելի ստենտ են տեղադրում. դա ինվազիվ միջամտություն է, որի շնորհիվ մարդիկ փրկվում են, փոխվում է նրանց կյանքի որակը: Նույնպիսի պատասխանատու առաքելություն ունի նաեւ դիալիզի բաժանմունքը: Տարբեր հիվանդությունների հետեւանքով ախտահարված երիկամներին փոխարինող 40 գերժամանակակից սարք կա բաժանմունքում:

«Նատալի ֆարմ-Մալաթիա» բժշկական կենտրոնի բակը մեծ շինհրապարակի է նման: Վերակառուցվում է տարիներ շարունակ չգործարկված 9 հարկանի մասնաշենքը, որն այս պահին գործող մասնաշենքին միանալու է նոր 6 հարկանի կառույցով:

Շինարարական աշխատանքների ավարտը նախատեսվում է մեկ տարի անց, 2015թ-ի նոյեմբերին: Հենց այդ ժամանակ էլ կնշվի կենտրոնի հիմնադրման 50 ամյակը` նոր շենքերում, նոր սարքավորումներով եւ նոր հեռանկարներով: