Ո՞րն է էնդոսկոպ-համակցված միկրոդիսկէկտոմիայի առավելությունը ողնաշարային ճողվածքների ժամանակ

Ո՞րն է էնդոսկոպ-համակցված միկրոդիսկէկտոմիայի առավելությունը ողնաշարային ճողվածքների ժամանակ

6068

«Աստղիկ» բժշկական կենտրոնում ներդրվել է ողնաշարի պարանոցային հատվածի էնդոսկոպ-համակցված միկրոդիսկէկտոմիա` պարանոցային հատվածի ճողվածքների բուժման համար: Այդ մասին NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում պատմեց նեյրովիրաբուժության բաժանմունքի ղեկավար Ավետիս Կիրակոսյանը:

Միջողնային սկավառակները, որոնք ծառայում են իբրեւ ողների միջադիրներ, կազմված են պինդ թաղանթից (ֆիբրոզային օղակ) եւ կիսահեղուկ «լիցքից» (պուլպոզային միջուկ): Միջողնային սկավառակի ճողվածքն առաջանում է ֆիբրոզ օղի վնասումից: Առաջացած ճեղքերից տեղի է ուենում պուլպոզ միջուկի արտանկում, որը ճզմում է ողնուղեղի նյարդային արմատիկները:  Միջողնային սկավառակի ճողվածքներ հիմնականում առաջանում են ողնաշարի գոտկա-սրբանային եւ պարանոցային հատվածներում:

Ավետիս Կիրակոսյանի խոսքով, էնդոսկոպ-համակցված միկրոդիսկէկտոմիայի ընթացքում 1-2 սմ երկարությամբ փոքրիկ կտրվածքի միջով , խողովակների օգնությամբ, վիրաբույժը մտնում է ախտահարման շրջանեւ վիրաբուժական մանրադիտակի ներքո հեռացնում է սկավառակի ճողվածքը: Էնդոսկոպիկ ստանդարտ եղանակների համեմատությամբ` այս եղանակի առավելությունն այն է, որ էնդոսկոպիկ վիրահատության ժամանակ վիրաբույժն աշխատում է` նայելով էկրանին, այսինքն` աշխատում է երկչափ տարածության մեջ: Էնդոսկոպ-համակցված վիրաբուժության ժամանակ վիրահատությունը կատարվում է` վիրահատական հզոր մանրադիտակի կիրառմամբ, որն ապահովում է եռաչափ պատկեր:

Ի դեպ, ինչպես պարզաբանեց բժիշկը, «Աստղիկ» ԲԿ-ում էնդոսկոպիկ վիրահատություններ անում են ըստ Easy Go համակարգի, երբ տեսախցիկը, լուսարձակը եւ վիրաբուժական գործիքները ներմուծվում են մեկ ուղիով: Այժմ հիվանդանոցում աշխատում են նաեւ ողնաշարի գոտկատեղային հատվածի էնդոսկոպ-համակցված դիսկէկտոմիաների ներդրման ուղղությամբ:

Վիրաբույժը բացատրեց, որ միջողնային սկավառակի ճողվածքն այսօր շատ տարածված հիվանդություն է ոչ միայն Հայաստանում, այլեւ ամբողջ աշխարհում: Միջողնային սկավառակի ճողվածքի առաջացման պատճառները, եթե իհարկե դրանք չեն կրում տրավմատիկ բնույթ, վերջնականապես սահմանված չեն: «Մենք խոսում ենք ողնաշարի դեգեներատիվ-դիստրոֆիկ փոփոխությունների ծայրահեղ դրսեւորումների՝ օստեոխոնդրոզի մասին: Եւ առայսօր վերջնականապես պարզ չէ օստեոխոնդրոզի էթիոլոգիական գործոնը: Կան բազմաթիվ վարկածներ, սկսած ալիմենտար գործոնից, այսինքն` պայմանավորված սննդակարգով, մինչեւ աուտոիմունային գործոնը: Բայց դրանք բոլորը վարկածներ են»,- մեկնաբանեց նա:

Հայաստանում, ինչպես նշեց բժիշկը, միջողնային սկավառակի ճողվածքի առաջացման լրացուցիչ գործոն է ֆիզիկական ծանր աշխատանքի տարածվածությունը, ինչպես նաեւ` սակավաշարժ կենսակերպը եւ սպորտով զբաղվելու մշակույթի բացակայությունը: