Ամիսներ շարունակ լյարդի ցիռոզի դեմ ապարդյուն բուժվող հիվանդի մոտ ախտորոշվել է ՑԵԼԱԿԻԱ. ...

Ամիսներ շարունակ լյարդի ցիռոզի դեմ ապարդյուն բուժվող հիվանդի մոտ ախտորոշվել է ՑԵԼԱԿԻԱ.  հազվագյուտ հիվանդությունը ախտորոշել են «Աստղիկ» ԲԿ-ում

1960

«Աստղիկ» բժշկական կենտրոնի գաստրոէնթերոլոգ Նանա Մալխասյանը պատմում է, որ սույն թվականի նոյեմբերի 7-ին «Աստղիկ» բժշկական կենտրոն է դիմել բազմաթիվ գանգատներով մի կին: Նրա մոտ առկա է եղել մոտ 10 կիլոգրամ քաշի կորուստ, ընդհանուր թուլություն, ախորժակի բացակայություն, ստորին վերջույթների այտուց, գլխապտույտ, փորլուծություն եւ այդ ամենը՝ վերջին 5-6 ամիսներին… Այդ ամբողջ ժամանակահատվածում կինը բազմիցս հետազոտվել եւ հոսպիտալացվել էր մարզային ու քաղաքային տարբեր բժշկական կենտրոններում:

«Հետազոտությունների արդյունքում նրա մոտ անբուժելի լյարդի զիռոզ էր ախտորոշվել: Հիվանդը համապատասխան դեղորայքային բուժում էր ստացել, թեեւ դրանից նրա վիճակը ոչ միայն չէր փոխվել, այլեւ այտուցներն ավելի էին շատացել, ավելի թույլ էր իրեն զգում եւ տեղաշարժվելն ավելի էր բարդացել»,- նշում է Նանա Մալխասյանը։
«Աստղիկ» ԲԿ դիմելիս հիվանդն իր հետ ունեցել է բազմաթիվ հետազոտությունների արդյունքներ, այդ թվում՝ որովայնի օրգանների ուլտրաձայնային հետազոտություն, որի տվյալներով առկա է եղել լյարդի չափերի մեծացում, գաստրոսկոպիա եւ կոլոնոսկոպիա, որոնց արդյունքում որեւէ խնդիր չէր հայտնաբերվել:

Հիվանդը գանգատվել էր նաեւ, որ ունի քրոնիկ փորլուծություն: «Հիվանդը երկարատեւ բուժում է ստացել աղիքային ինֆեկցիաների ու դիսբակտերիոզի դեմ, սակայն նրա ինքնազգացողության որեւէ դրական տեղաշարժ չի նկատվել»,- պատմում է բժիշկը:

Համադրելով առկա հետազոտությունների բոլոր տվյալները, լաբորատոր գործիքային հետազոտությունների արդյունքները, ինչպես նաեւ հիվանդի մոտ առկա կլինիկական բոլոր դրսեւորումները՝ բժշկուհին հանգել է այն եզրակացության, որ հիվանդի մոտ ոչ թե լյարդի զիռոզ է, այլ միանգամայն այլ հիվանդություն՝ ՑԵԼԱԿԻԱ, որը ոչ միայն բուժելի է, այլեւ չի պահանջում դեղորայքային բուժում, այլ միայն սննդակարգի շտկում: Արյան մեջ համապատասխան հակամարմինների հետազոտություն է կատարվել, եւ պարզվել, որ դրանք ավելի քան 10 անգամ գերազանցել են նորման։ Դրանից հետո կատարվել է հիստոլոգիական քննություն, որը եւս հաստատել է ցելիակիա ախտորոշումը։

«Ցելիակիան կամ գլյուտենային էնտերոպաթիան հաճախ հանդիպող հիվանդություն չէ: Այն առաջանում է հացահատիկի մեջ պարունակվող գլյուտենի՝ մարդու օրգանիզմի կողմից անընդունելիությունից: Այդպիսի դեպքերում գլյուտենի ընդունումից հետո օրգանիզմում իմունային բորբոքում է առաջանում, որի կլինիկական առաջին դրսեւորումը փորլուծությունն է: Դրա հետեւանքով մարդը կորցնում է այն բոլոր օգտակար նյութերը, որոնք անհրաժեշտ են օրգանիզմին»,- նշում է բժշկուհին ու հավելում, որ այս հիվանդի մոտ առաջնային պլան են մղվել փորլուծության հետեւանքով առաջացած երկրորդային դրսեւորումները:

«Հետազոտության որոշ արդյունքներ բնորոշ են թե՛ փորլուծության, եւ թե՛ լյարդի ֆունկցիայի խանգարման դեպքում: Փորլուծության հետեւանքով առկա անբավարարությունն էլ մինչ այդ մոլորության մեջ է գցել բժիշկներին, որոնք կարծել են, թե լյարդն իր սինթետիկ գործառույթը չի իրականացնում», – ասում է Ն. Մալխասյանը:

Բժիշկների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ արդեն հիվանդի աղիները կանոնավոր գործում են, անցել են ստորին վերջույթների այտուցները եւ հիվանդի առողջությունը հաջողությամբ վերականգնվում է:
Նանա Մալխասյանը նշում է, որ ցելիակիան կամ գլյուտենային էնտերոպաթիան բնածին հիվանդություն է, սակայն այն կարող է ի հայտ գալ տարբեր տարիքում: Վաղ տարիքում այն կարող է ավելի ծանր դրսեւորում ունենալ եւ խոչընդոտել երեխայի բնական աճին: Ցելիակիա ախտորոշմամբ հիվանդներին անհրաժեշտ է ընդունել գլյուտեն չպարունակող սնունդ: Գլյուտենի նույնիսկ չնչին քանակը կարող է հիվանդին ծանր վիճակի մեջ գցել:

Շնորհիվ ախտորոշման արդի մեթոդների՝ կարելի է հեշտությամբ հայտնաբերել այս հիվանդությունն ու կանխարգելել այն՝ ընդամենը սննդակարգում գլյուտենի պարունակությունը բացառելով:

Միայն բացառիկ դեպքերում կարող է դեղորայքային բուժման անհրաժեշտություն զգացվել, մյուս բոլոր դեպքերում այն հիմնականում կարգավորվում է՝ սննդակարգում շտկումներ անելով: