Որո՞նք են բազմաշերտ համակարգչային տոմոգրաֆի առավելությունները

Որո՞նք են բազմաշերտ համակարգչային տոմոգրաֆի առավելությունները

1922

Նոր սերնդի բազմաշերտ Համակարգչային տոմոգրաֆը, ի տարբերություն ավելի հին սարքերի, թույլ է տալիս հետազոտություններն անցկացնել շատ ավելի արագ եւ նկատելիորեն նվազեցնել ճառագայթման չափաքանակը։ Siemens ընկերության նոր արտադրանքի՝ Հայաստանում առայժմ միակ Siemens Definition Flash սարքի մասին NEWS.am Medicine–ի հետ զրույցում պատմեց «Աստղիկ» բժշկական կենտրոնի ՀՇ ծառայության ղեկավար Նաինա Հակոբյանը։

Մասնագետը պարզաբանեց, որ նոր 256-slice-ային համակարգչային տոմոգրաֆը 2 խողովակ ունի, որոնք միաժամանակ են աշխատում, եւ կարող է խողովակի մեկ պտույտով 45,8 սմ գոտի սքանավորել՝ պատկերը 0,5 մմ-ով վերականգնելով: Դա լավագույն կտրվածքն է, որն այսօր կարելի է ստանալ, եւ որից աննկատ չեն մնում ոչ հիվանդի մոտ եղած ուռուցքների օջախները, ոչ այլ խնդիրները: Այսպիսով, նոր սարքն ապահովում է ախտորոշման բարձրագույն ճշգրտություն: Ըստ որում՝ ճառագայթման չափաքանակը նվազագույն է՝ 80 տոկոսով ավելի փոքր, քան նախորդ սերնդի տոմոգրաֆներինն էր:

 Այս սարքի հիմնական առավելություններից մեկն էլ սրտի եւ պսակաձեւ զարկերակների որակյալ պատկեր ստանալն է՝ անկախ սրտի ռիթմից։ Այսինքն, սրտի առիթմիան եւ այլ հիվանդությունները չեն խանգարում հետազոտությունների անցկացմանը եւ չեն ազդում դրանց արդյունքների վրա։ Այդ պատճառով էլ նոր ՀՇ–սքաները անփոխարինելի է սրտաբանության եւ սրտի վիրաբուժության ոլորտներում։

Բացի այդ, դրանով կարելի է հետազոտել նաեւ սրտի արատ ունեցող նորածին երեխաներին` վիրահատության նախապատրաստման եւ պլանավորման նպատակով։

Բնականաբար, այս սարքը կիրառում են ոչ միայն սրտաբանության մեջ։ Այն հաճախ օգտագործում են նաև գլխուղերի կաթվածի, գլխուղեղի անոթների ախտահարումների հետազոտման համար։

Ավելին, հաշված վայրկյանների ընթացքում սարքը կարող է հետազոտել հիվանդի ամբողջ մարմինը՝ գլխից մինչեւ ոտքերի մատները։ Անհրաժեշտության դեպքում, կոնտրաստային նյութի օգնությամբ կարելի է հետազոտել հիվանդի բոլոր անոթները, ընդ որում նյութի քանակությունը կլինի մի փոքր ավելի, քան առանձին հատվածի հետազոտման դեպքում։

Համեմատության համար, «Աստղիկ» բժշկական կենտրոնում տեղադրված հին՝ Siemens Emotion 6 սարքը ի զորու է հետազոտել մեկ հատվածը 35-40 վայրկյանում, եւ հետազոտությունների համար հիվանդը ստիպված է լինում այդ ընթացքում պահել շունչը (նոր սարքը նույն հատվածը հետազոտում է կես վայրկյանում, եւ շունչը պահելու անհրաժեշտություն չկա): Քանի որ սքանավորումը դանդաղ է ընթանում, հին սարքով նաեւ ավելի շատ կոնտրաստային նյութ է օգտագործվում։ Այս ամենի հետ մեկտեղ, Siemens Emotion 6 սարքը նույնպես համարվում է որակյալ ՀՇ–սքաներ և լայնորեն կիրառվում է եվրոպական շատ կլինիկաներում, քանի որ ապահովում է որակյալ պատկեր եւ ախտորոշման սխալներ թույլ չի տալիս։

«Աստղիկ» բժշկական կետրոնում շարունակում են կիրառել Siemens Emotion 6 սքաները ներերակային կոնտրաստավորում չպահանջող հետազոտությունների ժամանակ (քթի խոռոչ, գլխուղեղի,կրծքավանդակի օրգանների, ոսկորների հետազոտություն եւ այլն)։  Իսկ կոնտրաստային նյութի օգնությամբ անգիոգրաֆիկ հետազոտությունները, քաղցկեղով հիվանդների եւ երեխաների բոլոր հետազոտությունները իրականացվում են նոր Somatom Definition Flash սարքով։