ԻՆՉՈ՞Վ Է ՎՏԱՆԳԱՎՈՐ B12 ՎԻՏԱՄԻՆԻ ԴԵՖԻՑԻՏԸ

ԻՆՉՈ՞Վ Է ՎՏԱՆԳԱՎՈՐ B12 ՎԻՏԱՄԻՆԻ ԴԵՖԻՑԻՏԸ

2850

«Աստղիկ» բժշկական կենտրոնում 10 հիվանդի մոտ ֆունիկուլյար միելոզ է ախտորոշվել՝ հիվանդություն, որն առաջանում է B12 վիտամինի դեֆիցիտի դեպքում: Այս մասին NEWS.am Medicine-ի հետ զրույցում հայտնեց «Աստղիկ» ԲԿ Ընդհանուր եւ անոթային նյարդաբանության բաժանմունքի ղեկավար, ԵՊԲՀ-ի նյարդաբանության ամբիոնի վարիչ` պրոֆեսոր Հովհաննես Մ. Մանվելյանը:

«Մեր քաղաքակիրթ 21-րդ դարում տարօրինակ է թվում, որ մարդկանց մոտ կարող է ավիտամինոզ առաջանալ: Նախկինում շատ տարածված ու հայտնի հիվանդությունները, որոնք կապված են տարբեր խմբերի վիտամինների անբավարարության հետ՝ B1, B6, B9` ֆոլաթթվի, B12` ցիանկոբալամինի, D, A, E վիտամինների, այսօր բժիշկներին ծիծաղելի են թվում, ավելին՝ նրանք դա չեն ախտորոշում: Տարեց բժիշկները զարմանում են՝ նման հիվանդներին որտեղի՞ց ես գտնում: Որովհետեւ նրանց աշխատանքի ժամանակ այս հիվանդությունը էլիմինացրել են, ինչպես բնական ծաղիկը»,- ասաց նա:

Բժիշկը հիշեցրեց, որ շատ վիտամիններ հայտնի են իրենց դեֆիցիտով: «Հայտնի է, որ ցինգան առաջանում է C վիտամինի դեֆիցիտի հետեւանքով, A վիտամինն անչափ կարեւոր է տեսողության համար, B խմբի վիտամինները շատ կարեւոր են նյարդային համակագի համար, D վիտամինն ընդհանրապես անհրաժեշտ է, այն նույնիսկ կարելի է ոչ թե որպես վիտամին դիտարկել, այլ հորմոն, քանի որ մասնակցում է մեր օրգանիզմում տեղի ունեցող մետաբոլիկ շատ պրոցեսների»,- ասաց Հովհաննես Մանվելյանը:

Բժշկի խոսքով՝ B12 վիտամինի դեֆիցիտն առաջացնում է, այսպես կոչված, ֆունիկուլյար միելոզ՝ հիվանդների մոտ ախտահարվում են ողնուղեղի հետին և կողմնային պարանիկները, խախտվում է ուղեղին զգացողական տեղեկատվությունը ապահովող իներվացիան, զարգանում են սենսիտիվ` զգացողական ատաքսիաներ, խախտվում է քայլվածքը: Այս հիվանդության դեպքում ողնուղեղը, որը պատասխանատու է գլխուղեղին ազդանշանների փոխանցման համար, այդ թվում՝ սենսորային, դա չի կարողանում անել, եւ առաջանում է, այսպես կոչված, սենսիտիվ ատաքսիա:

Զգացողական դեֆիցիտը կոմպենսացվում է տեսողությամբ, դրա պատճառով էլ հիվանդները փակ աչքերի պարագայում դառնում են անզոր: Հիվանդների մոտ առաջանում են գլխապտույտներ, քայլելու դժվարություններ, նրանք հաճախ են ընկնում: Հովհաննես Մանվելյանը հավելեց, որ նման ախտանիշներով մարդիկ երկար ժամանակ տարբեր բժիշկների են դիմում, սակայն ճիշտ ախտորոշում եւ բուժում չեն ստանում: Այդ ամբողջ ժամանակահատվածում հիվանդությունը զարգանում է, եւ արդյունքում քայլքը անհնարին է դառնում, ծնկային ռեֆլեքսներն ամբողջությամբ անհետանում են, քանի որ ազդանշաններն ինչպես վերեւ չեն փոխանցվում, այդպես էլ՝ վերեւից ներքեւ:
«Եթե այդ մարդիկ ժամանակին հետազոտվեն եւ ապացուցվի, որ առկա է վիտամինային կախվածություն կամ B12-ի դեֆիցիտ, իրենց կարելի է ժամանակին բուժել:

Իսկ եթե հիվանդությունը խորանում է, եւ հիվանդները բուժում չեն ստանում, արդյունքում զարգանում է հաշվանդամություն: Բացի դրանից, խաթարվում է նրանց հոգեկան վիճակը, հիվանդները վստահ են, որ իրենք տառապում են հիվանդությամբ, որը ոչ մեկին հասկանալի չէ, այդ թվում՝ բժիշկներին, եւ այն անբուժելի է: Նրանք վերափոխվում են սոցիալապես շատ ծանր հիվանդների, քանի որ հուսահատված են: Նրանք կարող են լինել ե՛ւ երիտասարդներ, ե՛ւ տարեցներ»,- ասաց Հովհաննես Մանվելյանը:

Նա հավելեց, որ «Աստղիկ» ԲԿ-ում սենսիտիվ ատաքսիայով ու համապատասխան նյարդաբանական դեֆիցիտով յուրաքանչյուր հիվանդ պարտադիր պետք է B12 վիտամինի դեֆիցիտի սքրինինգ անցնի: «Սա մեզ մոտ ուղեցույցներով է որոշված: Եվ բժիշկների առջեւ իմ բոլոր ելույթներում ես այս մասին խոսում եմ»,- ասաց նա:

Նյարդաբանի խոսքով՝ ամենագլխավորը արյան օբյեկտիվ պատկերը ստանալն է եւ պարզել B12 վիտամինով պամանավորված դեֆիցիտը: Ըստ որում՝ անհրաժեշտ է հիշել, որ առանց ֆոլաթթվի B12 չի սինթեզվում: Ուստի եթե առկա է B12-ի դեֆիցիտ, ապա անհրաժեշտ է վերականգնել նաեւ ֆոլաթթվի քանակը: Հովհաննես Մանվելյանի խոսքով՝ B12-ի եւ ֆոլաթթվի դեֆիցիտը հոմոցիստեինի բարձրացում է առաջացնում՝ սպիտակուցի, որը պատասխանատու է օրգանիզմում բորբոքային ռեակցիաների համար:
Նյարդաբանը հավելեց, որ B12 վիտամինով պայմանավվորված դեֆիցիտը կարող է կապված լինել ոչ միայն ֆոլաթթվի դեֆիցիտի հետ, այլ նաեւ ստամոքսում ներծծման խանգարման հետ: «Քրոնիկական գաստրիտով եւ ստամոքսի խոցով մարդկանց մոտ եւս առաջանում է B12-ի դեֆիցիտի վտանգ: Սա B12 անեմիա չէ, սա B12 վիտամինի դեֆիցիտով պայմանավորված նյարդային համակարգի ախտահարում է»,- ասաց նա:

Ինչ վերաբերում է B12 վիտամինի դեֆիցիտի բուժման արդյունավետությանը, ապա, ինչպես նշեց Հովհաննես Մանվելյանը, եթե հիվանդությունը ժամանակին ախտորոշի, եւ եթե նյարդային հյուսվածքներում դեռեւս տեղի չեն ունեցել անշրջելի պրոցեսներ, հվանդները հաջողությամբ վերականգնվում են: «Բայց եթե շատ ժամանակ է անցել, վերականգնման արդյունքը կարող է այնքան էլ լավ չլինել, վիտամինի քանակությունը վերականգնվում է, սակայն մնացորդային երեւույթներ պահպանվում են»,- ասաց նա: