«Աստղիկ» բժշկական կենտրոնն աուդիոլոգիական լաբորատորիա կհիմնի

«Աստղիկ» բժշկական կենտրոնն աուդիոլոգիական լաբորատորիա կհիմնի

«Աստղիկ» բժշկական կենտրոնում նախատեսում են խորացնել եւ ընդլայնել ականջաբանությունը՝ քիթկոկորդականջաբանության այն բաժինը, որը զբաղվում է ականջի հիվանդություններով։ Որպեսզի մատուցվող ծառայությունների ընդգրկումը ամբողջական լինի, մասնավորապես նախատեսվում է ստեղծել աուդիոլոգիական լաբորատորիա: Այդ մասին NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է բժիշկ-ականջաբան, հիվանդանոցի ԼՕՌ ծառայության աշխատակից, Երեւանի բժշկական համալսարանի Քիթկոկորդականջաբանության ամբիոնի դոցենտ Նունե Նահապետյանը։

«Մենք ունենք տիմպանոմետր եւ աուդիոմետր, քիթ-կոկորդ-ականջաբանության ամբիոնի դոցենտ Հայաստան Մեսրոպյանի հետ համատեղ իրականացնում ենք տոնալ շեմքային աուդիոմետրիա և իմպեդանսոմետրիա։ Այս երկու հետազոտությունները մեզ հնարավորություն են տալիս որոշել, թե ծանրալսության որ տեսակի հետ գործ ունենք՝ հաղորդչակա՞ն, թե սենսոնեվրալ, ինչպես նաեւ ախտորոշել միջին ականջի ախտահարումների տարբեր տեսակները։ Հետագայում նախատեսվում է ներդնել նաեւ վերշեմքային եւ օբյեկտիվ աուդիոմետրիա, լսողության հարուցված պոտենցիալների գրանցում՝ տարբերակելու համար ոչ միայն միջին եւ ներքին ականջի պաթոլոգիաները, այլ նաև ներքին ականջի և ռետրոկոխլեար ախտահարումները», – նշել է Նունե Նահապետյանը։

Նա պարզաբանել է, որ աուդիոլոգիական լաբորատորիայի զինումից բացի, նախատեսված է նաեւ լավ մասնագետների թիմ հավաքել՝ օտովիրաբույժներ, աուդիոլոգներ, սուրդոմանկավարժ, լոգոպեդ եւ այլն։ Դրանից հետո հնարավոր կլինի ասել, որ «Աստղիկ» ԲԿ-ն կարող է մատուցել ականջաբանությանը վերաբերող բոլոր ծառայությունները:

Նրա խոսքով՝ ծանրալսություն կարող է առաջ գալ տարբեր պատճառներով, մասնավորապես հաղորդչական ծանրալսություն կարող է առաջանալ, օրինակ, սուր ականջաբորբի հետեւանքով։ Բայց միջին ականջի սուր բորբոքումը կարող է ոչ միայն հաղորդչական, այլեւ՝ սենսոնեվրալ ծանրալսության պատճառ դառնալ, որովհետեւ միջին ականջի բորբոքումների 70%-ը վիրուսային ծագում ունեն, իսկ վիրուսը նույն հաջողությամբ կարող է ախտահարել ինչպես միջին, այնպես էլ ներքին ականջը։ Հենց այդ պատճառով էլ, բժշկի խոսքով, շատ կարեւոր է ժամանակին դիմել մասնագիտացված հիվանդանոց, որտեղ կամերտոնային փորձերի, տոնալ շեմքային աուդիոմետրայի և իմպեդանսոմետրայի օգնությամբ հնարավոր կլինի որոշել՝ հիվանդի ծանրալսությունը հաղորդչակա՞ն է, թե սենսոնեվրալ։ Իսկ եթե վիրուսային ինֆեցկիայի հետևանքով ախտահարվել է նաեւ ներքին ականջը, անհրաժեշտ է անհետաձգելի բուժում ՝ հետագայում խուսափելու համար անբուժելի, անդառնալի ծանրալսությունից։

Ինչպես պարզաբանել է բժիշկը՝ ծանրալսության խնդիրները բժշկական անմիջական միջամտության կարիք ունեն, բայց հիվանդները հաճախ շատ ուշ են դիմում բժշկի։

Բժիշկը ծնողներին կոչ է անում ավելի ուշադիր լինել երեխաների հանդեպ, եւ եթե երեխան կանչին չի արձագանքում, դա չվերագրել նրա անուշադրությանը։ Նրա խոսքով՝ կան միջին ականջի հիվանդություններ ՝ սեկրետոր օտիտներ, որոնք աստիճանաբար են զարգանում, եւ հաճախ ծնողների համար՝ աննկատ։ Սեկրետոր օտիտները զարգանում են վերին շնչուղիների կատառի, քթըմպանային նշիկի գերաճի դեպքում, որոնք բերում են եվստախյան կամ լսողական փողերի ֆունկցիայի խանգարման։ Այդ դեպքում միջին ականջում առաջանում է բացասական ճնշում, բարձրանում է անոթների պատի թափանցելիությունը և արյան հեղուկ մասը կուտակվում է թմբկախորշում, թույլ չտալով թմբկաթաղանթին տատանվել, ինչը հանգեցնում է ձայնային ալիքի վատ հաղորդմանը։ Դա կարող է կայուն ծանրալսության պատճառ դառնալ։

Միջին ականջի հիվանդությունների երրորդ խոշոր խումբը քրոնիկ միջին ականջաբորբերն է։ Դրանց դեպքում միջին ականջում առկա է որևէ անդառնալի պաթոլոգիական փոփոխություն (թմբկաթաղանթի կայուն պերֆորացիա-թափածակում, լսողական ոսկրիկների ֆիքսացիա, նրանց մասնակի կամ լրիվ քայքայում, տիմպանոսկլերոզ, խոլեստեատոմայի ձևավորում), որոնք առաջանում են չբուժված սուր միջին օտիտի, սեկրետոր օտիտների հետևանքով, և որոնց բուժումը պահանջում է վիրահատական միջամտություն։ Նման դեպքերում իրականացվող վիրահատություններն ունեն երկու նպատակ՝ արմատախիլ անել միջին ականջի հիվանդությունը եւ վերականգնել լսողությունը։

Նունե Նահապետյանը հավելեց, որ ականջաբանությունն այն ուղղությունն է, որը սերտորեն կապված է հարակից մասնագիտությունների հետ։ Բավականին հաճախ ականջացավի և ծանրալսության պատճառ կարող են հանդիսանալ այլ օրգանների ՝ ողնաշարի պարանոցային հատվածի, քթըմպանի, նյարդային համակարգի ախտահարումները, ինչպես նաև՝ որոշ ինֆեկցիոն հիվանդություններ, եւ ականջաբանները հաճախ աշխատում են այլ մասնագետների հետ համատեղ։ Մասնավորապես՝ ականջածին ներգանգային բարդությունների՝ ենթակարծրենային էմպիեմայի, ուղեղի և ուղեղիկի թարախակույտերի, լսողական նյարդի ուռուցքի՝ վեստիբուլյար շվանոմայի կամ ակուստիկ նեւրինոմայի, գլոմուսային ուռուցքների որոշ տեսակների դեպքում պահանջվում է ԼՕՌ մասնագետների եւ նեյրովիրաբույժների համատեղ միջամտություն։