«Պառլամենտ» ամսագրի զրուցակիցն է «Աստղիկ» բժշկական կենտրոնի դիմածնոտային վիրաբույժ Աշոտ Հարությունյանը

«Պառլամենտ» ամսագրի զրուցակիցն է «Աստղիկ» բժշկական կենտրոնի դիմածնոտային վիրաբույժ Աշոտ Հարությունյանը

Մեր զրուցակիցն է «Աստղիկ» բժշկական կենտրոնի դիմածնոտային վիրաբույժ Աշոտ Հարությունյանը: Բժիշկ Աշոտ Հարությունյանը դիմածնոտային պլաստիկ վիրաբուժության ոլորտի առաջատար մասնագետներից է:

Աշոտ Էդուարդի Հարությունյան
Դիմածնոտային պլաստիկ վիրաբույժ «Աստղիկ» բժշկական կենտրոնում

Աշխատանքային փորձ

2012-ից՝դիմածնոտայինվիրաբուժության բաժանմունք, «Նատալիֆարմ» ՍՊԸ «Մալաթիա» բժշկական կենտրոն, այժմ՝«Աստղիկ» բժշկական կենտրոն
2012-2014՝դիմածնոտային վիրաբուժություն, «Vicmed»բժշկական կենտրոն
2009-2011՝դիմածնոտային վիրաբուժության ծառայության ղեկավար, Երեւանի կայազորային զինվորական հոսպիտալ
2009՝ «Smile Project» պլաստիկ վիրահատությունների միջազգային բարեգործական նախագիծ
2006-2009՝կլինիկական օրդինատուրա, դիմածնոտային վիրաբուժության բաժանմունք

Թիվ 3  կլինիկական հիվանդանոց

Կոնֆերանս

2016՝ քթիհարակից խոռոչների էնդոսկոպիկռինո-նեյրովիրաբուժության վերապատրաստում, Գրաց, Ավստրիա

2016՝ Եվրոպական ասոցիացիայի գանգա-դիմածնոտային վիրաբուժության 23-րդ կոնֆերանս,Անգլիա, Լոնդոն

2016՝ Ռեկոնստրուկտիվ ռինոպլաստիկայի 8-րդ վերապատրաստման կուրս,
Գրաց, Ավստրիա

2016՝ Պլաստիկ եւ Էսթետիկ վիրաբուժության 5-րդ միջազգային կոնգրես, Մոսկվա

2013՝ Դիմածնոտային վիրաբուժության կոնֆերանս, Երեւան

2012՝ դիմածնոտային վիրաբուժության կոնֆերանս, Երեւան

2010՝ պլաստիկ վիրաբուժության կոնֆերանս, Երեւան

2008՝ Գանգա-դիմածնոտային վիրաբուժության եվրոպական ասոցիացիայի կոնգրես, Բոլոնիա, Իտալիա

2007՝ պլաստիկ վիրաբուժության կոնֆերանս, Երեւան

2007՝ պլաստիկ վիրաբուժության միջազգային կոնֆերանս, Երեւան, Հայաստանի Հանրապետություն

Կրթություն

2000-2006՝ Մ.Հերացու անվան պետական բժշկական համալսարան

Անդամակցություն

Դիմածնոտային վիրաբույժների եվրոպական ասոցիացիայի իրական անդամ

Հայաստանի բերանի խոռոչի եւ դիմածնոտային վիրաբույժների ասոցիացիայի իրական անդամ

Լեզուներ

Հայերեն, ռուսերեն, անգլերեն, իտալերեն

– Բժիշկ Հարությունյան, խոսենք Ձեր անցած ուղու մասին: Վիրաբուժությունը պատասխանատու մասնագիտություն է, քանի որ, մի կողմից, գործ ունեք մարդու առողջության հետ, մյուս կողմից՝ Ձեր նպատակն է բարելավել նրանց արտաքին տեսքը: Կպատմե՞ք, թե ինչպես ստացվեց, որ որոշեցիք դառնալ բժիշկվիրաբույժ:

– Մանկուց սիրել եմ բժշկի մասնագիտությունը: Եվ երբ եկավ դպրոցն ավարտելու եւ մասնագիտություն ընտրելու ժամանակը, որոշեցի վիրաբույժ դառնալ:

Երեւանի պետական բժշկական համալսարանում ուսանելուս տարիներին ընտրեցի դիմածնոտային վիրաբուժության ճյուղը: Կլինօրդինատուրան ավարտեցի 3-րդ կլինիկական հիվանդանոցում՝ Գրիգորի Խաչատրյանի ղեկավարությամբ:

Այնուհետեւ մեկնել եմ ծառայության խորհրդային բանակում՝ որպես զինվորական ծառայության բժիշկ: 2009-2011 թվականներին եղել եմ դիմածնոտային վիրաբուժության ծառայության ղեկավար Երեւանի կայազորային զինվորական հոսպիտալում: Այնուհետեւ՝ 2011 թվականին, իմ կոլեգա Արմեն Հարությունյանի հետ համատեղ ջանքերով «Աստղիկ» (այն ժամանակ՝ «Մալաթիա») բժշկական կենտրոնում հիմնեցինք դիմածնոտային վիրաբուժության բաժանմունքը, որը շարունակում է ակտիվորեն զարգանալ՝ համապատասխանելով բոլոր ժամանակակից պահանջներին:

– Ձեր ընտանիքում բժիշկներ կա՞ն:

– Ընտանիքում՝ ոչ, սակայն հորեղբորս տղան վիրաբույժ է: Մեր տարիքային տարբերությունը բավականին մեծ է: Չի բացառվում, որ իրեն եմ ունեցել որպես օրինակ:

Ինչպիսի՞ն է մասնագիտական առօրյան:

– Աշխատանքային ծանրաբեռնվածությունս շատ մեծ է։ Ամենօրյա վիրակապություններ, օրական 2-4 վիրահատություն (կախված վիրահատության ծավալից): Կիրակին էլ տրամադրում ենք hիվանդների խորհրդատվությանն ու հետվիրահատական խնամքին։ Չենք հոգնում, որովհետեւ աշխատանքը հաճելի է, միեւնույն ժամանակ՝ պարտավորեցնող: Իհարկե, որոշակիորեն ֆիզիկական հոգնածություն նկատվում է, բայց դա կոմպենսացվում է, երբ աշխատանքդ կատարում ես մեծ սիրով եւ նվիրումով:

Մենք որդեգրել ենք հետեւյալ սկզբունքները՝ աշխատել հանգիստ մթնոլորտում՝ առանց լարվածության եւ կոնֆլիկտների, եւ հոգալով պացիենտների հարմարավետության եւ բարօրության մասին:

Մեզ շատ են օգնում մեր կլինօրդինատորները, ովքեր մեր հսկողության ներքո պացիենտների ամենօրյա հոսքի մեջ արդեն իսկ հասցրել են բավականին մեծ փորձ կուտակել: Ես միշտ իրենց ասում եմ`ուշադրություն դարձրեք ամեն մանրուքին, ընդհուպ մինչեւ բժիշկ-պացիենտ հաղորդակցությանը: Թիմային արդյունավետ աշխատանքի շնորհիվ մեր կլինիկայի պացիենտներն իրականություն են դարձնում իրենց ցանկությունները: Թիմային համախմբված աշխատանքը դրական արդյունքի երաշխիքն է:

Ինչքանո՞վ եք կարեւորում վերապատրաստումները եւ ի՞նչ հաճախականությամբ եք մեկնում վերապատրաստումների:

– Ժամանակակից աշխարհի ռիթմն ու մրցակցությունը պահանջում են անընդհատ կատարելագործվել ու ընդլայնել արդեն ձեռք բերածդ կարողություններն ու մասնագիտական որակը: Փորձում եմ քայլել ժամանակին համահունչ, պարբերաբար մեկնում եմ վերապատրաստումների՝ կատարելագործելու մասնագիտական հմտություններս:

Թրեյնինգներ, վերապատրաստումներ, տարբեր պրոֆեսորների կարծիքներ. փորձի փոխանակմանն ուղղված ծրագրերը դիտարկում եմ որպես ռազմավարական կարեւորագույն գործոն:

Ես միշտ ջանում եմ լինել նորամուծությունների շարժի մեջ: Տարին գոնե 2 անգամ մեկնում եմ արտերկիր, որտեղից ինձ հետ բերում եմ եվրոպական փորձը, նորարարական մեթոդներ եւ եղանակներ:

Մարդկության ձգտումը գեղեցկության եւ կատարելության  նպաստում է պլաստիկ բժշկության ոլորտի զարգացմանը: Թվարկեք, խնդրեմ, Ձեր կողմից կատարվող վիրահատությունների սպեկտրը:

– Մեր կողմից առաջարկվող ծառայությունների սպեկտրը բավականին մեծ է: Այն ներառում է՝

  • Դեմքի էսթետիկ վիրահատություններ՝ ռինոպլաստիկա, բլեֆարոպլաստիկա, օստեոպլաստիկա, քթի հարակից խոռոչների էնդոսկոպիկ վիրահատություններ
  • Օդոնտոգեն բորբոքային հիվանդությունների բուժում (պերիօստիտ, օստեոմիելիտ, լիմֆադենիտ, զանազան տեղակայության թարախակույտեր եւ ֆլեգմոնաներ)
  • Թքագեղձերի բորբոքային հիվանդությունների կոնսերվատիվ եւ վիրաբուժական բուժում
  • Դիմածնոտային շրջանի ձեռքբերովի եւ բնածին դեֆորմացիաների եւ դեֆեկտների ուղղում
  • Քունքստործնոտային հոդի հիվանդությունների կոնսերվատիվ եւ վիրաբուժական բուժում
  • Դիմային ոսկրերի վնասվածքների վիրահատական բուժում
  • Դիմածնոտային շրջանի փափուկ հյուսվածքների եւ ոսկրերի բարորակ նորագոյացությունների հեռացում
  • Դիմածնոտային շրջանի բնածին բշտերի (կիստաներ) եւ խուղակների վիրահատությամբ հեռացում
  • Դեմքի եւ պարանոցի շրջանի չարորակ նորագոյացությունների հեռացում
  • Զանազան պատճառներից առաջացած դիմածնոտային շրջանի փափուկ հյուսվածքների եւ ոսկրերի դեֆեկտների ու դեֆորմացիաների ոսկրապլաստիկ վիրահատություններ

– Հայաստանում կատարվող պլաստիկ վիրահատությունների շարքում առաջին տեղում է ռինոսեպտոպլաստիկան (քթի ձեւի շտկումը): Հիմնականում դիմում են էսթետի՞կ շտկման, թե՞ շնչառական խնդիրների վերացման նպատակով: Ինչպիսի՞ն է վիճակագրությունը:

– Պլաստիկ վիրաբուժությունը, հատկապես ռինոպլաստիկան, առավել պահանջված է ամբողջ աշխարհում: Մարդիկ հիմնականում դիմում են էսթետիկ նկատառումներից ելնելով՝  քթի ձեւը փոխելու եւ այն դեմքի դիմագծերին հարմոնիկ դարձնելու նպատակով:

Ռինոպլաստիկա կատարելիս անհրաժեշտ է ուշադրություն դարձնել․ եթե պացիենտը դիմում է էսթետիկ նպատակով, սակայն ունենում է ֆունկցիոնալ խնդիրներ,ապա անհրաժեշտ է նախ շտկել շնչառական խնդիրները, հետո միայն կատարել այն, որպեսզի գեղեցիկ տեսք ունենալու հետ մեկտեղ պացիենտը չունենա շնչառական բարդություններ:

– Ո՞ր տարիքից կարելի է իրականացնել ռինոպլաստիկա։

– Հիմնականում 17-18 տարեկանից: Ռինոսեպտոպլաստիկա կարելի է կատարել միայն ոսկրային աճի ավարտից հետո, որպեսզի խուսափենք հետագա բարդություններից եւ դեֆորմացիաներից:

– Ինչպե՞ս եք իրագործում քթի պլաստիկ վիրահատությունը:

Պլաստիկ վիրահատությունները կատարում ենք բացառապես ժամանակակից վիրաբուժության նորմերին համապատասխան՝ հիմնվելով եվրոպական եւ միջազգային ասոցիացիաների կողմից մշակված չափանիշների վրա:

Քթի պլաստիկ վիրահատությունը կատարում ենք ընդհանուր անզգայացման տակ, որի ընթացքում պացիենտը չի ունենում որեւէ ցավային զգացողություն:
Նախքան վիրահատությունը, անցկացնում ենք խորհրդատվություն, նախավիրահատական համակարգչային մոդելավորման օգնությամբ պացիենտին ներկայացնում եք իր նախընտրած քթի մի քանի  տարբերակ, որոնք  առավելագույնս համահունչ են նրա դեմքի կառուցվածքին:

– Ինչպես ցանկացած վիրահատություն, ռինոսեպտոպլաստիկան նույնպես պարունակում է ռիսկի գործոններ: Ի՞նչ բարդություններ կարող են առաջանալ վիրահատությունից հետո:

Դա ինդիվիդուալ է, հնարավոր է առաջանան տարբեր տեսակի հետվիրահատական խնդիրներ, որոնք հեշտությամբ կարելի է շտկել: Այդ իսկ պատճառով էլ վիրահատությունից հետո անպայման սահմանվում է հետվիրահատական հսկողություն: Ռինոպլաստիկան պատկանում է այն վիրահատությունների շարքին, որոնց վիրահատական լավ ընթացքից բացի նույնքան կարեւոր է  հետվիրահատական խնամքը: Այդ ճանապարհը մենք ՝ բժիշկներս, պացիենտների հետ պետք է անցնենք՝ սկսած նախավիրահատական վարույթից մինչեւ քթի վերջնական ոսկրերի եւ աճառների ձեւավորումը: Դա տեւում է 6-8 ամսից մինչեւ 1 տարի: Մեզ համար առաջնային է հոգատարությունը պացիենտի առողջության մասին խորհրդատվության առաջին րոպեներից մինչեւ վիրահատություն եւ վերականգնողական փուլ:

Որքա՞ն ժամանակ է պացիենտն անցկացնում պալատում:

Որպես կանոն, վիրահատությունից հետո պացիենտը պալատում մնում է մեկ օր՝ հետագա հսկողությամբ: Վիրահատությանը հաջորդում են վիրակապությունները, ընդ որում, առաջին 3 օրերին՝ առավել ինտենսիվ. քթի մեջ առկա միջադիրներն են հեռացվում, վերքերն են մշակվում: Այնուհետեւ նշանակվում են ամբուլատոր այցեր՝ գիպսը, կարերը հեռացնելու նպատակով։ Այսինքն՝ սկսվում է այտուցների իջեցման փուլը: Երբեմն անհրաժեշտություն է առաջանում նշանակել հետվիրահատական մերսումներ, որոնց հաճախականությունը պայմանավորված է կոնկրետ դեպքով:

– Իսկ որքա՞ն ժամանակ հետո է երեւում քթի վերջնական տեսքը:

Դա ինդիվիդուալ հարց է՝ կախված մի շարք գործոններից, օրինակ՝ ինչ չափի է եղել քիթը նախկինում եւ որքան է փոքրացվել, ինչ հաստության է մաշկը:

Հետքերից եւ այլ անհարմարություններից պացիենտն ազատվում է մաքսիմում 1 ամսում: Միջին տիպի մաշկի համար քթի նախնական տեսքը երեւում է գիպսը հանելուց հետո, իսկ վերջնական տեսքը՝ մինչեւ 1 տարվա ընթացքում: Որոշ այցելուների մոտ քթի վերջնական տեսքն ակնհայտ է անգամ 4-5 ամիս հետո:

– Ինչպե՞ս հասկանալ՝ պացիենտը պատրա՞ստ է պլաստիկ վիրահատության, թե՞ ոչ:

– Դա շատ ինդիվիդուալ է: Պլաստիկ վիրահատության համար իրական թեկնածուն այն մարդն է, ով իրատեսորեն է մոտենում իր խնդրին: Առաջին հերթին, բացասական հետեւանքներից խուսափելու համար, նա պետք է քաջատեղյակ լինի խնդրի մանրամասներին: Պլաստիկ վիրաբույժի պոտենցիալ պացիենտը պետք է ունենա օբյեկտիվ պատճառ վիրահատվելու համար: Անձամբ շատ եմ կարեւորում պացիենտի հոգեբանական վիճակը: Կարելի է ասել` դա հիմք է հանդիսանում պացիենտին գնահատական տալու համար: Կարեւոր է, որ նա գիտակցի, թե ինչ վիրահատության է գնում, ինչ ծավալով, ինչ բարդությունների կարող է հանգեցնել, հետագայում ինչ արդյունք է լինելու: Հարկավոր է միշտ հիշել վիրահատության լրջության մասին, կշռել բոլոր «կողմ» եւ «դեմ»-երը: Սա պլաստիկ վիրահատությանը նախապատրաստվելու ամենասկզբունքային ու հիմնական փուլն է:

– Որքանո՞վ է պացիենտի դրական տրամադրվածությունը նպաստում նրա բուժմանը:

– Այնքանով, որքանով նա իր շուրջն ստեղծում է դրական մթնոլորտ:

Վիրաբույժը շատ զգայուն է էներգետիկ միջավայրի նկատմամբ, այդ իսկ պատճառով ես անչափ կարեւորում եմ պացիենտների հետ հոգեբանական աշխատանքը, ինչի շնորհիվ կարելի է հասնել դրական գոհացուցիչ արդյունքի: Պացիենտը, որը հոգեպես պատրաստ է բուժվելու, գնալու վիրահատության, ավելի հեշտ է հաղթահարում հիվանդությունը, խնդիրը, քան նա, ով ընկճված է, հոռետես: Իր հերթին բժիշկը պետք է լավ հոգեբան լինի, որպեսզի մարդիկ վստահեն, հավատան նրան, հետեւեն բոլոր ցուցումներին:

– Հաճախակի՞ է պատահում, որ կանայք դիմում են Ձեզ եւ ցանկանում վիրահատել քիթը՝ շոու բիզնեսի այս կամ այն աստղին նմանվելու նպատակով: Որքանո՞վ է հաջողվում իրագործել այդ ցանկությունը:

– Աշխարհում գոյություն չունի երկու միանման դեմք: Կարող է նմանություն լինել, բայց ոչ՝ նույնը: Ցանկացած դեպք տարբեր է, սա էլ մեր մասնագիտության առանձնահատկությունն է, որ մեզ՝ բժիշկներիս, գրավում եւ կլանում է: Ճիշտ է՝ ընդհանուր հիմունքներ կան մարդու անատոմիայի վերաբերյալ, սակայն  վիրահատության ծավալը, մարդու հյուսվածքները տարբեր են:

Մեզ համար առաջնային է անհատական մոտեցումը: Երբ պացիենտին բացատրում ես, որ իր սեփական անհատականությունն ընդգծելով մենք կարող ենք ավելի լավ արդյունքի հասնել, եւ նա ընդունում է, ապա միայն այդ դեպքում կատարում ենք վիրահատություն:

– Պարոն Հարությունյան, Ձեր ֆեյսբուքյան էջերում պարբերաբար անդրադառնում եք պլաստիկ վիրահատության միֆերին։ Կասե՞ք՝ ինչ անհավանական հարցերով են Ձեզ դիմում:

 – Դժվարանում եմ մտաբերել: Անընդհատ լինում են հետաքրքիր հարցադրումներ: Օրինակ՝ հարցնում են. «Ռինոպլաստիկան փոխո՞ւմ է միմիկան»։
Իրականում ռինոպլաստիկան միայն փոփոխում է քթի ձեւը։ Միմիկայի վրա քթի ձեւի ազդեցությունն աննշան է։
Համոզված եղեք, որ վերականգնման շրջանի ավարտից հետո ձեր ժպիտը եւ ծիծաղը կլինեն այնպիսին, ինչպիսին միշտ են եղել։

Ունե՞ք արդյոք պացիենտներ արտերկրից:

– Այո, հիմնականում դիմում են եվրոպական երկրներից (Իսպանիա, Իտալիա, Ֆրանսիա), ԱՄՆ-ից, Ռուսաստանից: Իհարկե՝ մեծամասնությունն այնտեղ բնակվող հայերն են, որոնց գրավում է գին-որակ հարաբերակցությունը:

Ձեր աշխատանքի սկզբունքները: Ի՞նչ սկզբունքներով եք առաջնորդվում պացիենտների հետ շփումներում. կա՞ն չգրված կանոններ:

– Ես շատ եմ կարեւորում մարդկային վերաբերմունքը, փոխադարձ հարգանքը ցանկացած հարաբերություններում: Այն փաստը, որ պացիենտը դիմում է տվյալ բժշկին, դա արդեն իսկ վստահության նշան է: Իսկ այդ վստահությունը բժիշկը պետք է արդարացնի:

 Մեր բժիշկներն անհատական մոտեցում են ցուցաբերում յուրաքանչյուր պացիենտի խնդրին: Մենք փորձում ենք մոտենալ գրագետ եւ ճիշտ ուղղության վրա դնել պացիենտին՝ նախքան ցանկացած վիրահատական միջամտություն:

Մեր առաջնային նպատակն է ապահովել բարձր արդյունավետություն, որը հիմնված է բժշկ-պացիենտ ճիշտ փոխհարաբերության, հատկապես՝ վստահության վրա:

– Դուք նաեւ անդամակցում եք Դիմածնոտային վիրաբույժների եվրոպական ասոցիացիային եւ Հայաստանի բերանի խոռոչի եւ դիմածնոտային վիրաբույժների ասոցիացիային: Ձեր ծանրաբեռնվածության պարագայում ժամանակ մնո՞ւմ է ընտանիքի համար:

– Աշխատանքս բավականին պատասխանատու է, այդուամենայնիվ, օրս այնպես եմ պլանավորում, որ ամեն բան հասցնեմ: Որդիս 3 տարեկան է, շատ է կարոտում ինձ, լինում են օրեր, որ չեմ հասցնում տեսնել նրան:Ներկայում սպասում ենք մեր 2-րդ զավակին, որը լույս աշխարհ կգա դեկտեմբերին:

Ձեր կինը նո՞ւյնպես բժիշկ է:

– Ոչ, նա տնտեսագետ է:

Կցանկանա՞ք, որ Ձեր երեխաները նույնպես ընտրեն Ձեր  մասնագիտությունը:

– Ես կցանկանամ, որ իրենք ժամանակի թելադրանքով շարժվեն, լինեն ժամանակակից եւ ընտրեն ժամանակակից մասնագիտություն, որը կլինի իրենց սրտով: Եթե որոշեն ընտրել բժշկության ոլորտը, միանշանակ՝ ես ամեն կերպ կսատարեմ իրենց, սակայն չեմ ընդունում, որ երեխան ծնողի պարտադրանքի ներքո է ընտրություն կատարում:

– Պարոն Հարությունյան, ինչպե՞ս եք Ձեր հանգիստն անցկացնում երեխայի հետ:

Երեխայի հետ ես ինքս դառնում եմ երեխա: Նրա հետ հավասար խաղում եմ ցանկացած տեսակի մանկական խաղ: Փոքրիկիս հետ ժամանակը պարզապես թռչում է:

Աշխատանքից բացի, ինչո՞վ եք զբաղվում եւ ի՞նչ նախասիրություններ ունեք:

– Վաղ հասակում, շուրջ 11 տարի, ակտիվորեն զբաղվել եմ կարատեով, սակայն Երեւանի պետական բժշկական համալսարանում ուսանելուս տարիներին ժամանակի սղության պատճառով թողեցի այդ մարզաձեւը:

Առայսօր սպորտային շունչն իմ մեջ պահպանվել է: Սպորտը մարդուն տալիս է տարբեր իրավիճակներում ավելի հմուտ գործելու հմտություն, ճարպկություն, կարգապահություն: Փորձում եմ մշտապես պահպանել մարզավիճակս:

– Ամենամեծ ձեռքբերումն ու կորուստը…

– Իմ ընտանիքը, որն այսօր ունեմ եւ հպարտանում եմ նրանով, եւ մասնագիտական հաջողություններս ու հմտություններս, որոնք մշտապես փորձում եմ զարգացնել:

Կյանքի ընթացքում միշտ էլ ձեռքբերումներ եւ կորուստներ լինում են, սակայն պետք է կորուստները կոմպենսացնել նոր ձեռքբերումներով:

Ձեր ապրած կյանքից մեկ օր, որ կուզենայիք նորից ապրել

– Շատ են այդպիսի օրերը: Իմ ապրած յուրաքանչյուր ուրախ օրը կուզեմ նորից ապրել…

Ո՞րն է այն ցանկությունը, որ կուզենաք մոտ ապագայում իրականացած տեսնել:

Ուրախ սպասումներ ունենք ընտանիքի նոր անդամի հետ կապված (ժպտում է):

Իսկ մասնագիտական առումով հոկտեմբերին պլանավորում եմ մեկնել Նիդերլանդներ, Ամստերդամ՝ մասնակցելու  ռինոպլաստիկայի հետ կապված թրեյնինգի:

– Բլից հարցերի շարքը շարունակվում է՝ Ձեր կարգախոսը…

Առաջին հերթին լինել լավ մարդ՝ դրական արժեքներով եւ հատկանիշներով, ինչպես դաստիարակել են ծնողներս: Կյանքի հիմունքներն անպայման փորձում եմ փոխանցել զավակներիս:

– Ինչի՞ց եք վախենում:

Վախենում եմ իմ կամ դիմացինի հանդեպ անարդար վերաբերմունքից: 

  • Արածների՞, թե՞ չարածների համար եք ափսոսում: 
  • Իրականում պետք չէ որեւէ բանի համար ափսոսալ, միեւնույն է՝ դա ոչինչ չի փոխելու: Պարզապես պետք է շարժվել առաջ:
  • Եթե հնարավորություն ունենայիք Աստծուն հանդիպել, ի՞նչ կխնդրեիք: 
  • Հարազատ մարդկանց առողջ միշտ տեսնեմ, եւ ինձ ուժ պարգեւի, որպեսզի կարողանամ օգնել դժվարության մեջ գտնվող ցանկացած մարդու:

– Ձեր բարեմաղթանքը, հորդորը մեր ընթերցողներին

Մաղթում եմ ունենալ քաջ առողջություն, սթափ գիտակցություն, եւ եթե ցանկություն ունեն ընդգծել էսթետիկ գեղեցկությունը եւ դառնալ առավել գրավիչ, մենք միշտ պատրաստ ենք օգնել: