Հայաստանցիներն արդեն հասկանում են բուժապահովագրության անհրաժեշտությունը. մասնագետ

Հայաստանցիներն արդեն հասկանում են բուժապահովագրության անհրաժեշտությունը. մասնագետ

2495

Բժշկական ապահովագրությունը ենթադրում է առողջ մարդու կողմից իր իսկ առողջության ապահովագրում: Նա վճարում է ապահովագրական ընկերությանը հետագայի համար, եւ եթե նրա մոտ ծագի առողջական որեւէ խնդիր, մտահոգվելու առիթ չի ունենա, թե որտեղից հայթայթի զգալի գումար: Այս մասին NEWS.am Medicine–ի թղթակցի հետ զրույցում ասաց «Աստղիկ» բժշկական կենտրոնի բժշկական ապահովագրության ծառայության ղեկավար Արմեն Մուրադյանը:

Նա նշեց, որ իր գլխավորած ծառայությունը զբաղվում է «Աստղիկ» ԲԿ դիմած այն քաղաքացիների հարցերով, որոնք ունեն մասնավոր ապահովագրություն կամ սոցփաթեթ: Նրանք լիովին ազատվում են թղթային քաշքշուկից. ծառայության մասնագետները կապ են հաստատում ապահովագրական ընկերության հետ (բացառությամբ անհապաղ միջամտություն պահանջող դեպքերի), եւ ընկերությունից ստանալով էլեկտրոնային տեսքով հաստատում՝  ուղեկցում են քաղաքացուն հետազոտության եւ բուժման ընթացքում՝ փորձելով ապահովել մաքսիմալ հարմարավետ պայմաններ, որպեսզի նա ստիպված չլինի հերթ կանգնել եւն:

Արմեն Մուրադյանը նշեց, որ Հայաստանում բժշկական ապահովագրության մշակույթը դեռեւս ձեւավորման փուլում է, բայց արդեն իսկ նկատելի է մարդկանց կողմից հետաքրքրություն՝ օգտվելու այդ ծառայությունից, ինչպես անհատական, այնպես էլ կորպորատիվ փաթեթներով:

Ծառայությունն ինքը ապահովագրությամբ չի զբաղվում, բայց նա կարող է խորհուրդներով կողմնորոշել ապահովագրվել ցանկացողներին եւ ուղարկել այս կամ այն ապահովագրական ընկերություն՝ նկատի առնելով քաղաքացու պահանջները: «Աստղիկ» ԲԿ ապահովագրական ծառայությունը պայմանագրեր ունի հայաստանյան շուկայում գործող ապահովագրական բոլոր ընկերությունների հետ, ինչպես նաեւ մի շարք արտասահմանյան ընկերությունների հետ: Այդ պայմանագրերում ծառայությունների գները, որպես կանոն, ցածր են շուկայական գներից, ինչը «Աստղիկ» ԲԿ-ի հետ համագործակցությունը ապահովագրական ընկերությունների համար դարձնում է գրավիչ:

Զրույցը հանգեց սոցփաթեթի թեմային եւ շատերին մտահոգող հարցին՝ սոցփաթեթ կա, իսկ բյուջեում փող չկա: «Մենք հերթագրում ենք, այժմ բուժծառայություն են ստանում նրանք, ովքեր հերթագրվել են երեք ամիս առաջ: Մարդիկ հերթագրված են մինչեւ տարվա վերջ, իսկ շատերն այս տարի արդեն չեն կարողանա օգտվել ծառայությունից, որեւէ բուժհաստատությունում նրանց չեն ընդունի. լիմիտը սպառված է»,- նշեց Արմեն Մուրադյանը: Թե ինչպես է լուծվելու այդ հարցը, դեռեւս անհայտ է:

Նրա խոսքով, Հայաստանի բնակչությունն արդեն հասկանում է բժշկական ապահովագրության անհրաժեշտությունը, սակայն աշխատավարձերն այնքան ցածր են, որ նույնիսկ ապահովագրական նվազագույն փաթեթի համար շատերն ի վիճակի չեն վճարելու: Նրա կարծիքով, խնդրի լուծում կարող էր լինել պարտադիր ապահովագրությունը, բայց սա էլ է խնդրահարույց. ո՞վ պետք է դրա համար վճարի՝ աշխատո՞ղը, թե՞ գործատուն: Կամ ինչպե՞ս վարվել նրանց հետ, ովքեր չունեն մշտական աշխատանք, կամ երեխաներ են ու ծերեր: Չէ որ պետությունը դեռեւս չի պարտավորվել հոգալու հասարակության այդ շերտերի մասին: Ռուսաստանում, օրինակ, ինչպես պարզաբանեց Արմեն Մուրադյանը, կազմակերպություններն իրենց աշխատակիցներին ապահովագրելու դեպքում ստանում են հարկային արտոնություններ, իսկ երեխաների, ծերերի եւ գործազուրկների համար վճարում է պետությունը: