Հայտնի նեյրովիրաբույժ. «Ամենաարդյունավետ բուժումն այն է, երբ այցելուն արագ մոռանում է բժշկին»

Հայտնի նեյրովիրաբույժ. «Ամենաարդյունավետ բուժումն այն է, երբ այցելուն արագ մոռանում է բժշկին»

11454

Ամենարդյունավետ բուժումն այն է, երբ հիվանդն ապաքինվում եւ արագորեն մոռանում է բժշկին: Բժիշկները եւս արագորեն մոռանում են բուժման լավ արդյունքները, իսկ ահա այն, ինչ վատ է ավարտվել, հիշում են ողջ կյանքում: Այս մասին NEWS.am Medicine–ի թղթակցի հետ զրույցում ասաց նեյրովիրաբույժ Անդրոնիկ Քալայջյանը: Հիշեցնենք` հայտնի բժիշկը երկու տարի առաջ հեռացել էր Հայաստանից, բայց այժմ վերադարձել է եւ ղեկավարում է «Աստղիկ» բժշկական կենտրոնի նեյրովիրաբուժության կլինիկան:

Ամեն վիրաբույժ ունի իր գերեզմանոցը

«Ամեն վիրաբույժ ունի իր գերեզմանոցը»,- ասում է Անդրոնիկ Քալայջյանը` հավելելով, որ եթե ինչ-որ բան չի հաջողվում, բժիշկը երբեք չի մոռանում դա, որպեսզի խուսափի հետագա կրկնությունից. «Միշտ հիշում ես դա, հիշում ես նաեւ այն դեպքերը, երբ անկարող ես եղել օգնելու»: Իսկ ի՞նչ է այդ պահին զգում բժիշկը։ «Խղճմտանք հիվանդի հանդեպ, դառնություն եւ զայույթ, որ չհաջողվեց: Սակայն լինում են դեպքեր, երբ անում ես ամեն ինչ, ինչպես որ հարկն է, բայց ապարդյուն, որովհետեւ հիվանդության բնույթն է այդպիսին»: Որեւէ բարդ դեպք նկարագրելու խնդրանքին բժիշը պատասխանեց, որ նեյրովիրաբուժության մեջ փաստացի բոլոր դեպքերը բարդ են. «Լինում են հսկա ուոուցքներ, այնպիսիք, որ կասկածում ես` վիրահատությունից հետո մարդը կապրի՞, թե՞ ոչ. բայց այլ ելք չկա, հարկավոր է վիրահատել»,- ասում է նա:

Ինչո՞վ է զբաղվում նեյրովիրաբուժությունը

«Մենք բուժում ենք գլխուղեղային եւ ողնուղեղային հիվանդություններ ունեցող մարդկանց: Դրանք վնասվածքներն են, բորբոքումները, անոթային հիվանդությունները եւ նաեւ ուռուցքները»,- ասում է նա` նշելով, որ, օրինակ, կաթվածների ժամանակ հեռացվում է արյունազեղումից գոյացած հեմատոման. «Ուղեղի մեծ կաթվածից հետո անվերահսկելի այտուցների դեպքում ստիպված ենք լինում հեռացնել գանգի մի մասը, որպեսզի հիվանդը կարողանա վերապրել սուր շրջանը, այնուհետեւ գանգի այդ հատվածը վերականգնում ենք: Այդ վիրահատությունը չի փրկում հաշամանդամությունից, բայց բարելավում է կյանքի որակը»,- բացատրում է նա:

Սակայն ամենատարածված հիավնադությունը, որով զբաղվում է նեյրովիրաբուժությունը, եւ որը մշտապես քննարկվում է, միջողային դիսկերի ճողվածքն է:

Ինչո՞ւ է ողնաշարային ճողվածքը նեյրովիրաբուժության խնդիրը

«Պատմականորեն այդպես է դասավորվել»,- ասում է բժիշկ Քալայջյանը` պարզաբանելով, որ իրականում այդ հիվանդությունը գտնվում ծայրակցվածքում եւ դրանով զբաղվում են օրթոպեդներն ու նեյրովիրաբույժները: Ինչ վերաբերում է միջողային ճողվածքի ախտորոշմանը, ապա այժմ, բժշկի խոսքով, շնորհիվ ՄՌՏ-ի` այդ հիվանդությունը ախտորոշվում է շատ ավելի հեշտ եւ ճշգրիտ, քան 20 տարի առաջ. «ՄՌՏ-ն շատ լավ ցույց է տալիս, որ հենց այդ հիվանդությունն է կամ շատ լավ ցույց է տալիս, որ այդ հիվանդությունը չէ: Իսկ նախկինում ճողվածքի ախտորոշում կատարելու համար, անհրաժեշտ էր երկար ասեղով ծակել ողնաշարը, ներարկել կոնտրաստային նյութ, անել ռենտգեն նկարներ եւ շատ ընդհանուր եւ մոտավոր որոշել` կա՞ այնտեղ ճողվածք կամ ուրիշ մի բան»,- հիշում է նեյրովիրաբույժը:

Վնասվածքների ժամանակ առաջացած նյարդային խախտումները վերականգնելի՞ են

Պերիֆերիկ նյարդերը, բժշկի խոսքով, կրկին աճում են, նրանց թաղանթը թույլ է տալիս աճել, բայց ողնուղեղի եւ գլխուղեղի նյարդերը` ոչ: «Հնարավոր չէ աճեցնել գլխուղեղի եւ ողնուղեղի նյարդաթելերը: Եթե վնասվում է ողնուղեղը, լինում է անվերադարձ խեղումների գոտի, եւ նաեւ գոտի, որ ճզմվել է եւ նրա ֆունկցիան խախտվել է, բայց այն հնարավոր է վերականգնել որոշակի պայմաններում. եթե այդ հատվածը սնուցում ստանա ժամանակին, եթե այտուցը վերանա: Բայց թե որքանով կվերականգնվեն, արդեն բնության եւ Աստծո գործն է»,- ասում է բժիշկը:

Զրույցը հանգում  է պարանոցի շրջանի ծանր վնասվածքներին, որ ստացել են ապրիլյան պատերազմի մի քանի մասնակիցներ. «Դրանք շատ ծանր վնասվածքներ են, քանի որ ողնուղեղը վնասվում է վերնամասում,  անշարժանում են ոտքերն ու ձեռքերը: Վնասվում է եւ´ կերակրափողը, եւ´ շնչափողը. հաշմանդամության ռիսկը շատ բարձր է»,- ասում է բժիշկը: Ինչ վերաբերում է նման հիվանդների շարժողական ֆունկցիայի որոշակի վերականգնման հնարավորությանը, բժիշկն ընդգծում է, որ կարելի է վերականգնել ողնուղեղի այն հատվածը, որը վերջնականապես չի վնասվել. «Մեռուկացած օջախի շուրջը միշտ լինում է փոփոխության օջախ, ուր ֆունկցիան խախտված է, բայց անատոմիան խաթարված չէ: Բարենպաստ պայմանների դեպքում ֆունկցիան կարող է վերադառնալ»,- ասում է նա:

«Աստղիկ» կենտրոնում հետագա ծրագրերի մասին

«Մենք այժմ մտադիր ենք ընդգրկուն կերպով ներդնել էնդոսկոպիկ վիրահատությունները. կան շատ մտահղացումներ: Արդեն էնդոսկոպիկ մի վիրահատություն կատարել ենք եւ այս եղանակն ավելի կծավալենք»,- ասում է բժիշկը: Նրա խոսքով` նեյրովիրաբուժական էնդոսկոպիկ վիրահատություններ կատարվում են եւ´ ողնուղեղի, եւ´գլխուղեղի վրա: Այս մեթոդը շատ ավելի նախընտրելի է բաց վիրահատություններից` պակաս վնասվածքայնության եւ հետվիրահատական նվազ բարդությունների պատճառով: Մասնավորապես, բժշկի խոսքով, էնդոսկոպիկ մեթոդը զգալիորեն հեշտացնում է հիպոֆիզի ադենոմայի վիրահատումը, որը կատարվում է քթի խոռոչներով: Իսկ «Աստղիկ» կլինիկայում նոր վիրահատական տեխնիկայի ներդրման համար, նրա հավաստմամբ, ստեղծված են բոլոր պայմանները:

««Աստղիկ» կլինիկան աչքի է ընկնում վիրահատական լավ սարքավորումներով եւ աշխատանքի լավ պայմաններով: Այստեղ կա վիրահատական ընտիր միկրոսկոպ, հիանալի վիրահատարան,  լավ գործիքներ: Ստեղծված են վաղ ախտորոշման բոլոր պայմանները, կա պատրաստակամություն ներմուծելու ամեն նորություն, եւ հավաքվել են միջազգային մակարդակի շատ հմուտ մասնագետներ»,- ամփոփում է բժիշկը:

NEWS.am Medicine