Ամեն գլխացավ միգրեն չէ. մասնագետի պարզաբանումը

Ամեն գլխացավ միգրեն չէ. մասնագետի պարզաբանումը

11539

Գլխացավերը դասակարգվում են առաջնային եւ երկրորդային տիպերի: Առաջնային գլխացավը ախտանիշ չէ, այլ ինքնուրույնհիվանդություն: Երկրորդայինը այլ հիվանդության ախտանիշ է` հիպերտենզիա, գլխուղեղի ուռուցք եւն: Առաջնային գլխացավիտեսակների մասին NEWS.am Medicine-ի թղթակիցը զրուցել է «Աստղիկ» ԲԿ նյարդաբանության բաժանմունքի ղեկավար, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Հովհաննես Մանվելյանի հետ:

Բժշկի խոսքով` ցավն առհասարակ եւ գլխացավը մասնավորապես մեր օրգանիզմի կարեւորագույն ազդանշանային համակարգերից են: Ցանկացած բորբոքում կամ հյուսվածքի վնասվածք սովորաբար ուղեկցվում է ցավով, եւ հենց ցավն է դրդում մեզ դիմելու բժշկի: Բայց ցավը կարող է լինել նաեւ ինքնուրույն հիվանդություն, եւ դրա ակնհայտ օրինակը հենց առաջնային գլխացավն է:

«Ցավի հիշողությունը կարող է հանգեցնել կայուն ցավային սինդրոմի: Հասունանալով մի որոշակի աստիճանի` ցավն անցնում է:Այսինքն` այդ ցավը ֆիզիոլոգիապես այլեւս չկա: Բայց տեղի է ունենում, այսպես կոչված, կենտրոնական սենսիտիզացիա, ցավի հիշողությունը պահպանվում է մեր գլխուղեղում: Եւ ցանկացած գրգիռ, օրինակ, վնասված հատվածից հաղորդված, ընկալվում է որպես ցավ: Դա հատկապես վերաբերում է նեյրոպաթիկ ցավերին»,- նշում է բժիշկը եւ ավելացնում, որ ամեն դեպքում ցավը չպետքէ անուշադրության մատնել:

«Մենք կարող ենք տարբերել այն որպես սուր եւ քրոնիկ: Սուր ցավը հիմնականում ախտանիշ է: Վնասվածք եք ստացել` ցավում է:Քրոնիկ ցավը համախտանիշ է, որը ենթադրում է համապատասխան էվալյուացիա եւ բուժում: Ամեն անգամ երբ մենք քննարկում  ենք քրոնիկ ցավը, իսկ առաջնային ամեն գլխացավ քրոնիկական է, միշտ հարկ է լինում որոշարկել պոտենցիալ վտանգավոր վիճակները, որոնք կարող են սպառնալ հիվանդի կյանքի որակին եւ հենց կյանքին»,- ասում է Հովհաննես Մանվելյանը:

Նյարդաբանի պարզաբանմամբ` առաջնային գլխացավերը դասակարգվում են հետեւյալ տեսակների. լարվածության գլխացավեր, միգրեն, փնջային եւ նյարդային գլխացավեր:

Լարվածության գլխացավեր

Առաջնային գլխացավերի մոտ 80%-ը լարվածության գլխացավերն են: Դրանք փաստացի լինում են բոլորի մոտ, հաճախ կրում են էպիզոդիկ բնույթ, բայց որոշ մարդկանց պատճառում են մեծ տհաճություն: Եթե ցավը դառնում է քրոնիկ, ուղեկցվում է էմոցիոնալ սրացումով: Եւ հիվանդը հասկանում է, որ եթե հանկարծ նյարդայնանա, լարվի, ապա կսկսվի գլխացավ: Այդ հիվանդության անվանումը ծագել է դրա սիմպտոմներից. գլխամաշկը լարվում է, գանգի մկանները կծկվում են, եւմարդու մոտ առաջանում է տհաճ, ճնշող զգացողություն: «Յուրաքանչյուր հիվանդ նկարագրում է այդ հիվանդությունը խիստ բնորոշ հատկանիշներով. սաղավարտի զգացողություն, սեղմող վիրակապի զգացողություն, սարսուռ գլխի վրա, ճնշում. ամեն մեկը յուրովի, բայց բոլորը նկարագրում ենմիևնույն վիճակը: Եթե այդ հիվանդներին արվի էլեկտրանյարդամիոգրաֆիա, կտեսնենք գլխի մկանների խուճապային կծկումներ»,-ասում է բժիշկը:

Լարվածության գլխացավերը բուժելու մեթոդը միոռելաքսացիան է:  Ոչ ստերոիդ հակաբորբոքիչ պրեպարատները տվյալ դեպքում նվազ արդյունավետ են: «Միոռելաքսացիան, ֆիզիոթերապիան, ճիշտ կենսակերպը, աշխատանքային օրվա կարգավորումը,նորմալ քունը, ֆիզիկական վարժությունները, հաճույքը, քիչ քանակի ալկոհոլը` այս ամենը ցուցված է հանգստի համար եւ նույնպես օգնում է»,- ասում է բժիշկը: Նա նաեւ նշում է, որ քրոնիկ ցավային սինդրոմով պացիենտները սովորաբար ունենում են վիտամին D-ի պակաս, այդ պատճառով լարվածության քրոնիկ գլխացավերով տառապող մարդկանց նշանակում են նաեւ վիտամին D:

Միգրեն

Ինչպես բժիշկն է նշում, ժողովրդի մեջ ամեն գլխացավ ընդունված է անվանել միգրեն: Բժիշկները եւս երբեմն շփոթում են առաջնային գլխացավի տեսակները, այն դեպքում, երբ դրանց բուժման մեթոդները տարբեր են, եւ ըստ այդմ` ճշգրիտ ախտորոշումը խիստ կարեւոր է: Միգրենն ունի հստակ սիմպտոմներ. հիվանդության նախանշաններն են ահագնացող հեմիկրանիան (ցավ գլխի մի կիսագնդում), սրտխառնոցը եւ փսխումը: «Եթե այս սիմպտոմները բացակայում են, դժվար թե դա միգրեն լինի: Հնարավոր է նաեւ լարվածության գլխացավերի, միգրենային եւ այլ բաղադրիչների զուգակցում»,- ասում է բժիշկը:

Միգրենի ծագման պատճառը արյունատար անոթների կծկումն է: «Գլխուղեղի անոթները սովորաբար ունենում են նույնական տրամագիծ, որպեսզի բաց թողնեն արյան որոշակի քանակություն: Միգրենի նոպայի ժամանակ փոխվում է անոթների տրամագիծը:Արյունը սկսում է մրրկաձեւ հոսել անոթի բացվածքով՝ որոշակի հատվածում լայնացում, մի այլ տեղ՝ նեղացնում: Այդ պատճառով երբեմն հիվանդները նախքան միգրենն ունենում են տեսողական խաբկանքներ: Օրինակ, կարող են տեսնել ոսկե թելեր կամ բծեր կամ ամրաշինական կառույցներ. պատկերները տարբեր են: Դա կարող է ծագել, դիցուկ, ծոծրակային հատվածում արյան մատակարարման վատթարացումից »,- բացատրում է Հովհաննես Մանվելյանը:

Բժշկի խոսքով, տեսողական պատկերներից հետո սկսում է գլխացավը, որը հետզհետե սաստկանում է: Մարդը, որ երբեւէ չի զգացել այդ ցավը, ի վիճակի չէ հասկանալու, թե այն որքան անտանելի է: «Միգրենի նոպան կարող է տեւել մի քանի օր, եւ նույնիսկ փսխումը կարող է չհանգստացնել: Միգրենի նոպայի ժամանակ հիվանդն ամբողջովին վանվում է ինքնուրույն եւ հանրային կյանքից»,- ասում է բժիշկը: Միգրենի բուժումը հիմնականում պրոֆիլակտիկ է, այսինքն` այն կարող է կանխել միգրենի նոպան, բայց չի կարող օգնել նոպայի ընթացքում: Հովհաննես Մանվելյանի պարզաբանմամբ, կա պրեպարատների խումբ` բետա-բլոկատորները, որոնց պրոֆիլակտիկ ընդունումը նպաստում է միգրենի նոպաների հաճախականության նվազմանը: Պարզապես դրանք հարկավոր է ընդունել ժամանակին եւ ըստ բժշկի նշանակման: Միգրենը կազմում է առաջնային գլխացավերի 10%-ը:

Փնջային գլխացավեր

Դրանց նաեւ անվանում են զարթուցիչային, որովհետեւ այդ ցավից մարդը վեր է կենում գիշերը, կարծես զարթուցիչից արթնացած: Այդ ցավը տեղակայված է քունքերում, ակնակապիճի շուրջը, զգալիորեն երանգավորվում է էմոցիաներով եւ դրսեւորվում է փնջերով: Դրա հետ մեկտեղ նկատվում են վեգետատիվ խախտումներ. լցվում է քիթը, այտուցվում են կոպերը: Գլխացավի նոպաները կարող են հրահրվել հիստամինից, ինչպես նաեւ ալկոհոլից, եւ որպես կանոն, ունեն սեզոնային բնույթ: Ցավը լինում է այնքան սաստիկ, որ հիվանդը կարող է նույնիսկ ինքնասպանություն գործել:

Փնջային գլխացավի բուժման համար ցանկացած պրեպարատ անարդյունավետ է, բայց դրականորեն է ազդում թթվածինը,- ասում է Հովհաննես Մանվելյանը: Եթե հիվանդը կես գիշերին արթնացել է ուժեղ ցավից, ապա կարող է պարզապես բացել պատուհանը կամ դուրս գալ պատշգամբ` մաքուր օդ շնչելու: Արդյունավետ են նաեւ թթվածնային բարձերը: Փնջային ցավի դեմ օգնում է 10%-անոց լիդոկայինի ռնգային սփրեյը: Ըստ այդմ` եթե լիդոկայինը ազդում է, ուրեմն գլխացավը փնջային է:

Նյարդային գլխացավեր

«Դա այսպես կոչված եռագեմինալ նյարդացավն է: Անհրաժեշտ է իմանալ, որ նյարդային ցավերը, ինչպես ցանկացած ցավային նյարդապաթոլոգիայի դեպքում, պետք է ունենան վայրկենական բնույթ, ցավը պետք է տեւի մի քանի վայրկյան: Այն կարող է կրկնվել մի քանի վայրկյան անց, բայց միեւնույն է, սուր անտանելի ցավի բռնկումը պետք է լինի կայծակնային»,- պարզաբանում է Հովհաննես Մանվելյանը: Բժշկի խոսքով, պետք է գիտակցել, որ ցանկացած գլխացավ պետք է մանրամասնորեն հետազոտվի, եւ միայն բժիշկը կարող է ասել, այն առաջնային, թե երկրորդային գլխացավ է: Նա կոչ է անում չանտեսել գլխացավերը, եւ չչարաշահել ցավազրկող դեղամիջոցները, առավել եւս, եթե ցավազրկողները չեն օգնում:

NEWS.am Medicine