Կարելի՞ է նիհարել աբդոմինոպլաստիկայի միջոցով

Կարելի՞ է նիհարել աբդոմինոպլաստիկայի միջոցով

Աբդոմինոպլաստիկան վիրահատություն է, որի ընթացքում կարելի է վերականգնել փորի էսթետիկ համամասնությունները, հեռացնել հղիությունից կամ նիհարելուց հետո մնացած ավելորդ մաշկը եւ ճարպային շերտերը: Իսկ կարելի՞ է այդ վիրահատության միջոցով նիհարել: Այս հարցի շուրջ NEWS.am Medicine-ը զրուցեց «Աստղիկ» բժշկական կենտրոնի պլաստիկ վիրաբույժ Արշակ Մնացականյանի հետ:

Մասնագետի պարզաբանմամբ՝ աբդոմինոպլաստիկայի ընթացքում հիվանդի փորի շրջանում կարելի է հեռացնել մինչեւ 20 կգ ճարպ: Սակայն խորհուրդ չի տրվում միանգամից այդքան շատ հեռացնել, քանի որ ճարպային հյուսվածքները արյուն շատ են պարունակում, որոնց կորուստը հիվանդներն այնքան էլ լավ չեն հաղթահարում:

Չնայած աբդոմինոպլաստիկայի ժամանակ կարելի է միանգամայն անվտանգ հեռացնել մոտ 10-15 կգ ճարպ, այդուհանդերձ ցանկալի չէ այս վիրահատությունը նիհարելու մեթոդ համարելը: Մասնագետը նշեց, թե ցանկալի է, որ մարդը նախ սպորտի եւ ճիշտ սնվելու միջոցով նիհարի, այնուհետեւ աբդոմինոպլաստիկա կատարել՝ ավելորդ մաշկը հեռացնելու եւ փորի եւ կոնքերի գեղեցիկ ուրվագծեր ստեղծելու համար:

Սակայն պատահում են դեպքեր, երբ հիվանդի մեծ փորը առաջ է կախ ընկնում եւ հանգեցնում է ողնաշարի ձեւախախտման: Աբդոմինոպլաստիկան այդ հիվանդներին կարող է օգնել կանխել ողնաշարի խնդիրները եւ մարմնի գեղեցիկ ուրվագծեր ու ձիգ իրան ստեղծել:

Էլ ի՞նչ է հարկավոր իմանալ աբդոմինոպլաստիկայի մասին:

Վիրահատությունը կատարվում է ընդհանուր անզգայացմամբ եւ տեւում է 2-4 ժամ՝ կախված բարդությունից եւ աշխատանքի ծավալից: Վիրահատությունից հետո հիվանդը 3 օր է անցկացնում հիվանդանոցում, որից հետո վերդառնում է իր առօրյա կյանքին: Վիրահատությունից հետո նա ցավեր չի ունենում, սակայն մի քանի շաբաթ անհրաժեշտ է կիպ գրկող հատուկ կորսետ հագնել: Վիրահատությունից մոտ մեկ ամիս հետո նա կարող է սպորտով զբաղվել:

Որովայնի ստորին հատվածում սպի է մնում, որը սովորաբար տեսանելի չէ անգամ լողազգեստ հագնելիս:

Հայաստանում առավել հաճախ աբդոմինոպլաստիկա են կատարում 40-60 տարեկան կանայք, որոնց անհանգստացնում է որովայնի մկանների թառամածությունն ու թուլությունը, փորի վրա ավելորդ մաշկի առկայությունը կամ հղիությունից հետո կոնքերի էսթետիկ ուրվագծերի բացակայությունը: Այսպիսի կանանց վիրահատությունն օգնում է վերադարձնել լավ կազմվածքն ու ինքնավստահությունը:

Հ. Գ.

«Աստղիկ» բժշկական կենտրոնում, որտեղ աշխատում է բժիշկ Մնացականյանը, աբդոմինոպլաստիկայի վիրահատությունները կկատարվեն 40-50 տոկոս զեղչով:

Խորհրդատվության համար զանգահարել 091545422 համարով։