Ask a Doctor

Ask a Doctor

Name

Email

Age

Subject

Question

Աչք

Հարց`

Հարգելի բժիշկ, արդեն 2 շաբաթ է` 2 տարեկան երեխայիս աչքի կոպը մի փոքր ուռած է, պոլիկլինիկայում ակնաբույժը ստուգելուց հետո ասաց, որ ինֆեկցիա է անցել օրգանիզմ, որն արտահայտվում է աչքերում: Նշանակվեց тетрациклин և ciprofloxacin: Մեծ դժվարությամբ կարողացա դեղերը կաթացնել /դե երեխան փոքր է ու հաճախ թույլ չի տալիս դեղաչափն ամբողջությամբ լցնել աչքի մեջ/, հերթական ստուգման ժամանակ բժիշկն ասաց, որ երկու աչքում էլ խնդիր կա ու ասաց, որ շարունակեմ նույն դեղերը օգտագործել: Նրա խոսքով ոչ մի լուրջ խնդիր չկա, ամեն ինչ կանցնի, բայց երկար ժամանակ հետո: Ես ուզում եմ ճշտել, արդյոք սա լուրջ խնդիր չի առաջացնի տղայիս տեսողության համար, արդյոք որոշ ժամանակ անց կանցնի, որովհետև ես ոչ մի փոփոխություն աչքում չեմ նկատում: Կանխավ շնորհակալություն:

Պատասխան՝

Հարգելի մայրիկ, կոպերի ուռածության պատճառը երեխայի մոտ հաճախակի հանդիպում է գարիկ-ի ժամանակ (կոպի ճարպագեղձի սուր բորբոքում) կամ խալազիոնի ժամանակ (կոպի գեղձի քրոնիկ բորբոքում): Վերջինիս դեպքում պրոցեսը տևում է երկար։ Տեսողության վրա սովորաբար չի ազդում։ Ձեզ խորհուրդ եմ տալիս քսել կոպին «Տոբրադեքս» քսուք՝ օրը 2 անգամ։ Երկու շաբաթից ոչ ավել։ Եթե ուռածությունը չանցնի, նորից դիմեք ակնաբույժի։

Հարգանքներով՝
«Աստղիկ» բկ-ի ակնաբույժ՝ Տիտանյան Անահիտ Ալբերտի

Aknabuyzh - poliklinika

 

открытое овальное окно

Հարց`

Հարգելի բժիշկ, աղջկաս ծնվելուց հետո նրա մոտ հայտնաբերվեց սրտի открытое овальное окно (հեյերեն տերմինը չգիտեմ): Երեք ամսականում հետազոտությունը ցույց տվեց, որ այն դեռ չի փակվել։ Խնդրում եմ ասեք՝ ինչ է այն իրենից ներկայացնում, որքանով է վտանգավոր երեխայի համար, համարվո՞ւմ է արդյոք սրտի արատ և քա՞նի տարեկանում կփակվի։
Նախապես շնորհակալություն

Պատասխան՝

Սրտի բաց օվալ պատուհանը միջնախասրտային (երկու նախասրտերի՝ աջ և ձախ) միջնապատի մեմբրանոզ հատվածի ձվաձև անցք է: Այդ անցքը ծածկող փականը լրիվ ձևավորվում է երեխայի կյանքի առաջին երկու տարիների ընթացքում, բայց որոշ դեպքերում լրիվ չի փակվում և ձվաձև անցքը մնում է բաց։ Ձվաձև անցքի արատը չի առաջացնում արյան շրջանառության խանգարում։
Խորհուրդ է տրվում լինել մանկական սրտաբանների հսկողության տակ:

Հարգանքներով՝
Զառա Էդուարդի Կարտոյան,
«Աստղիկ» ԲԿ-ի Սրտաբանական,
առիթմոլոգիական բաժանմունքի ղեկավար

Շողացող առիթմիա

Հարց`

Հարգելի բժիշկ, մայրս ունի շողացող առիթմիա ու շատ հաճախ վատանում է, ուզում ենք, որ Ձեզ մոտ ստանա ստացիոնար բուժում, և կցանկանայի մոտավորապես իմանալ, թե ինչ կարժենա բուժումը։

Պատասխան՝

Հարգելի Թեհմինե,
նախասրտերի շողացումը քրոնիկ հիվանդություն է, և ստացիոնար բուժման անհրաժեշտությունը որոշվում է ըստ պացիենտի կլինիկական վիճակի: Շողացող առիթմիայի վարումը որոշվում է ըստ նրա ձևի, թրոմբոէմբոլիկ ռիսկերի և ուղեկցող կլինիկական վիճակի:
Ձեր մայրիկը պետք է անցնի բոլոր ամբուլատոր հետազոտությունները մեր կլինիկայում, և նոր որոշվի հետագա վարման պլանը:
Ֆինանսական տեղեկությունների համար կարող եք զանգահարել (010)778381*113

Հարգանքներով՝
Զառա Էդուարդի Կարտոյան,
«Աստղիկ» ԲԿ-ի Սրտաբանական,
առիթմոլոգիական բաժանմունքի ղեկավար

Լյարդի ճարպակալում։

Հարց`

Հարգելի բժիշկ, ես 45 տարեկան եմ, ունեմ լյարդի ճարպակալում, տրիգլիցերիտներս 650 է, խնդրում եմ, ասացեք՝ ինչ դեղորայք օգտագործեմ։

Պատասխան՝

Հարգելի Ռուզաննա, տրիգլիցերիդների մակարդակն արյան մեջ չի կարող հանդիսանալ հիմք որևէ հիվանդության ախտորոշման համար, այն կարող է միայն կողմնորոշել կամ գնահատել որոշ հիվանդությունների (օրինակ՝ լյարդի, սիրտ-անոթային և էնդոկրին համակարգերի) առկայությունը կամ զարգացման ռիսկայնությունը։ Իսկ ինչ վերաբերում է լյարդի ճարպակալմանը, ապա դեղորայք նշանակելուց առաջ անհրաժեշտ է կատարել որոշ լրացուցիչ հետազոտություններ, որոնք ցույց կտան լյարդի կառուցվածքային և ֆունկցիոնալ վիճակը:

Հարգանքներով՝ Արմեն Վարժապետյան
«Աստղիկ» ԲԿ-ի վիրաբույժ
Հեռ.՝ 093118835

varzhapetyan_armen_1

Դեմքիս վրա կան լաքաներ, այդ ինչից կարող է լինել և ինչ անել, որ դրանք անցնեն:

Հարց`

Հարգելի բժիշկ, ես 31 տարեկան եմ, 2 տարի առաջ հանձնել եմ անալիզ PRL –ը՝ 33.0 էր, բուժվել եմ,հիմա PRL-ն41,4 է, ունեմ առատ մազակալում. ինչպես բուժվել: Դեմքիս վրա էլ կան լաքաներ, այդ ինչից կարող է լինել և ինչ անել, որ դրանք անցնեն:

Պատասխան՝

Հարգելի Գոհար, չգիտեմ՝ նախկինում ինչ եք հետազոտել, ինչ բուժում ստացել, բայց Ձեր տվյալներից պարզ է, որ լիարժեք բուժում չեք ստացել: Եթե ունեք լաքաներ մաշկին, ապա մազակալման ծագումը մակերիկամային է, բայց լինում է նաև մազակալում իգական սեռական գեղձերի ֆունկցիոնալ խախտման հետևանքով,այդ պատճառով էլ խորհուրդ կտայի դիմել բժիշկ-էնդոկրինոլոգի կամ էնդոկրինոլոգ-գինեկոլոգի, հետագա լիարժեք հետազոտման (հորմոնալ հոտազոտման,ՈՒՁՀ) և համապատասխան ճիշտ բուժում ստանալու նպատակով:

Հարգանքներով՝ Աննա Աղավելյան
«Աստղիկ» բկ-ի էնդոկրինոլոգ
Հեռ.՝ 094131411

Սրտի առիթմիա

Հարց`

Հարգելի բժիշկ, երեխաս 4 տարեկան է, ունի սրտի առիթմիա, 3 անգամ հոլտեր հետազոտություն է անցել, խմել Կոնկոր 4 ամիս ու հիմա ոչ մի փոփոխություն չկա։ Այժմ խմում է Sotaleqs և Magnerot. Երեխաս քթում միս ունի և 6 տեսակի ալերգիա, հնարավոր է արդյոք, որ առիթմիան դրանցից լինի, և կարելի է, արդյոք, նման առիթմիայով երեխայի վիրահատել

Կանխավ շնորհակալ եմ
Արփինե

Պատասխան՝

Հարգելի Արփինե,
Ռիթմի խանգարումները կարոք են լինել տարբեր, և անհրաժեշտ է հասկանալ թե ինչ առիթմիա ունի Ձեր երեխան, և արդյոք դեղորայքային բուժման կարիք ունի, Դուք պետք է դիմեք մեր կլինիկա, կատարեք ԷՍԳ, ԷԽՈ_Սգ(գնահատել սրտի կառուցվածքը), չի բացառվում որ նաև անհրաժեշտ լինի կատարել ֆիզիկական ծանրաբեռնվածության տեստ: Ամբողջական սրտաբանական հետազոտություններից հետո, նոր հնարավոր կլինի պատասխանել Ձեր հարցերին: Մեր կլինիկայում կարոք եք դիմել մեր մանկական սրտաբան -առիթմոլոգներին:

Հարգանքներով՝
Զառա Էդուարդի Կարտոյան,
«Աստղիկ» ԲԿ-ի Սրտաբանական,
առիթմոլոգիական բաժանմունքի ղեկավար

Դաշտանային ցիկլի խանգարումներ

Հարց`

Հարգելի բժիշկ, ես 16 տարեկան եմ, ունեմ դաշտանային ցիկլի խանգարումներ արդեն 2 տարի և չի կարգավորվում, արդյոք վտանգավոր է դա։
Նելլի
Պատասխան՝

Հարգելի Նելլի, եթե Դուք ուզում եք իմանալ ցիկլի խանգարման պատճառը, ապա պետք է անցնել ՈՒԶՀ, անհրաժեշտության դեպքում նաև հետազոտել հորմոնները։ Վտանգը հետագայում հնարավոր քաշի ավելացումն է, մազակալումը, որոշ դեպքերում՝ անպտղությունը…

Հարգանքներով՝ Իննա Գեորգիի Պերսոյան
Աստղիկ ԲԿ-ի Կանանց կոնսուլտացիայի ծառայության ղեկավար, բգթ
Հեռ.՝ 091252871

Գաստրոդուոդենոսկոպիա

Հարց`

Հարգելի բժիշկ, ասեք, խնդրում եմ, Ձեզ մոտ կատարում են արդյոք գաստրոդուոդենոսկոպիա՝ Հելիկոբակտեր պիլորիի որոշումով, և ի՞նչ արժի այդ ծառայությունը:
Պատասխան՝

Հարգելի Ռուզան, մեզ մոտ կատարվում է գաստրոդուոդենոսկոպիա՝ առանց Հելիկոբակտեր պիլորիի որոշման, Հելիկոբակտերը որոշվում է լաբորատոր քննությամբ։ Իսկ գաստրոդուոդենոսկոպիան արժի 15.000 դրամ։

Հարգանքներով՝

«Աստղիկ» ԲԿ-ի Էնդովիրաբուժության ծառայության ղեկավար՝
Վարդան, Ռաֆաիլի Բորոզան, բգթ
Հեռ.՝ 055556221

Հոդացավեր

Հարց`

Հարգելի բժիշկ, մայրս 62 տարեկան է ու արդեն 5 տարի է տառապում է հոդերի բորբոքումով: Օգտագործում է տարբեր հանգստացնող դեղորայք, նաև որոշ ժամանակ խմել է հորմոններ պարունակող դեղեր: Ցավերը սաստկացել են: Խնդրում եմ ասեք՝ ինչ դեղորայք օգտագործի: Կանխավ շնորհակալ եմ։
Պատասխան՝

Հարգելի Հրաչ, կխնդրեի Ձեզ Ձեր մայրիկի հետ մոտենալ «Աստղիկ» ԲԿ՝ Ձեզ հետ բերելով նաև բոլոր արված հետազոտությունների պատասխանները։ Հիվանդին զննելուց հետո կկարողանանք ճիշտ խորհուրդ տալ։ Նշեմ, որ «Աստղիկ» ԲԿ-ի կայքով դիմած հիվանդների համար բժշկի առաջնային խորհրդատվությունն անվճար է։

Հարգանքներով՝ Ռուբեն Սուրենի Գալստյան
«Աստղիկ» բկ-ի օրթոպեդ-վնասվածքաբան, բգթ
Հեռ.՝ 091224759

Ի՞նչը կարող է քնկոտության պատճառ դառնալ

Հարց`

Հարգելի բժիշկ, ասեք, խնդրում եմ, թե ինչը կարող է քնկոտության պատճառ դառնալ. խոլեստերին չունեմ, 6 ամիս առաջ զոբի թեստ եմ տվել, մաքուր է։ Շատ անկանոն է քնկոտությունս՝ մի շաբաթ ամեն ցերեկ քնելու ցանկություն կա, հետո ամիսներով անհետանում է, նորից կրկնվում… Մի տեսակ խողդող քուն է, կարծես ուղեղս անջատվի, քնելուց հետո լավ եմ լինում, նաև ամեն առավոտ արթնանալուց գլխացավ եմ ունենում, չգիտեմ՝ ինչքանով է իրար հետ փոխկապակցված։
Նախապես շնորհակալություն
Պատասխան՝

Բարև Ձեզ, քնկոտության պատճառ կարող է լինել հիպոֆիզ-հիպոթալամուս-մակերիկամային համակարգից, եթե ունեք քաշի իջեցում, մաշկի մգացում, արտահայտված թուլություն, քնկոտություն, գլխացավ, ճնշման իջեցում, ապա հավանաբար քրոնիկ մակերիկամային անբավարարություն է, իսկ վահանաձև գեղձի հիվանդության դեպքում, բացի քնկոտությունից, գլխացավից, շատ ավելի ախտանիշներ կարող են լինել, կարող են նաև չլինել, եթե բացի քնկոտությունից ունեք նաև հոգնածություն, փորկապություն, քաշի փոփոխություն, վքնածություն, կոկորդում անախորժ զգացում, ջերմության զգացում, մազաթափություն, ապա միանշանակ պետք է հետազոտել վահանաձև գեղձը ծավալուն: Ես չգիտեմ, թե դուք վահանաձև գեղձի ինչ հետազոտություններ եք անցել: Կարող եք գրել, կփորձեմ օգնել Ձեզ:

Հարգանքներով՝ Աննա Աղավելյան
«Աստղիկ» բկ-ի էնդոկրինոլոգ
Հեռ.՝ 094131411

Ոտքի սուր ցավեր

Հարց`

Հարգելի բժիշկ, սրանից մի քանի տարի առաջ ես ունեցել եմ ողնաշարի հետ կապված խնդիրներ։ Այցելել եմ բժշկի, ինձ դեղ նշանակեց, որը օգնեց, խնդիրը ողնաշարիս դիսկերի հետ էր կապված, որոնք մաշվել էին, ինչի հետևանքով ես կռացել էի: Դրանից հետո առ այսօր չեմ դիմել բժշկի, սակայն միշտ ունեցել եմ ողնաշարի ցավեր: Բայց իմ խնդիրը հիմա կապված է ոտքիս հետ. ես ունեմ ոտքի սուր ցավեր՝ ծնկիցս մինչև ոտքիս մատները: Նույնիսկ ոտքիս մատները չեմ կարողանում շարժել, լինում են պահեր, երբ ոտքս սկսում է շատ ուժեղ քաշվել ու կծկվել, իսկ ոտքիս կոճկային հատվածն ուռել է: Ըստ ձեզ՝ ինչն է դրա պատճառը:
Սվետա, 43 տարեկան

Պատասխան՝

Հարգելի Սվետա, Դուք նշում եք, որ չնայած սուր ցավերը ողնաշարի գոտկային հատվածում նշանակված բուժումից հետո անցել են, բայց պահպանվում են, և ոտքի ցավի հավանական պատճառներից մեկը կարող է լինել ողնաշարի խնդիրը։ Անհրաժեշտ է նորից հետազոտվել և ստանալ համապատասխան բուժում։ Նշեմ, որ մեր կայքի միջոցով մեզ դիմած այցելուների համար բժշկի առաջնային խորհրդատվությունն անվճար է։

Հարգանքներով՝ Գայանե Հմայակի Վարդանյան
«Աստղիկ» ԲԿ նյարդաբան
Հեռ.՝ 093528033

Վահանաձև գեղձ

Հարց`

Հարգելի բժիշկ, ես 30 տարեկան եմ, ըստ սոնոգրաֆիկ հետազոտության արդյունքների՝ վահանաձև գեղձի աջ բիլթը`1.4×1.4×3.8 սմ է, ձախ բիլթը` 1.5×1.3×3.9սմ, մակերեսը հարթ, հստակ եզրերով, պարենխիման՝ դիֆուզ փոփոխված, ստրուկտուրան՝ մանր, միջին հատիկավոր, ձախից՝ իզոէխոգեն հանգույց՝ 1.4×0.7սմ : Գեղձի նեղուցը` 0,2սմ: ТТГ` 2.1 uIU/ml, f-T4`9,4 Anti-TPO`0.5 IU/ml: Ինձ նշանակել են էութիրոքս 100 մկգ: Խնդրում եմ, ասեք ինձ ախտորոշումը և արդյոք ճիշտ է նշանակված բուժումը: Նախապես շնորհակալություն:
Գայանե
Պատասխան՝

Հարգելի Գայանե, Ձեր ախտորոշումը կձևակերպեի այսպես` Դիֆուզ մանրհանգուցավոր խպիպ I-աստիճանի, էութիրեոիդ վիճակ: Եթե Էութիրոքսը 100մկգ. խմում եք արդեն երկար ժամանակ, որի ֆոնի վրա է ТТГ-2,1 է և չունեք քաշի ավելացում , ապա շարունակ եք խմել նույնությամբ:

Հարգանքներով՝ Աննա Աղավելյան
«Աստղիկ» բկ-ի էնդոկրինոլոգ
Հեռ.՝ 094131411

Ոտքերի ցավ

Հարց`

Հարգելի բժիշկ, 1 տարուց ավել է ինձ մոտ կա ոտքերի ցավ՝ հիմնականում ծնկից ներքև։ Հետազոտվել եմ մի քանի անգամ, արյան անալիզ եմ տվել, նորմալ էր։ Խորհուրդ են տալիս քայլել, մարզվել, նույնիսկ հեծանիվ եմ գնել, բայց ավելի շատ է ցավում մարզվելուց հետո, ցավալու ժամանակ կարծես ահավոր հոգնած լինեմ, ցավալուց ոտնաթաթերիս հատվածում տաքացում եմ զգում, ցավը հանգստանում է միայն մերսումից և սառը ցնցուղի տակ պահելուց հետո: Ոչ շատ, բայց ընդհանուր թուլություն ունեմ:
Խնդրում եմ ասեք՝ ինչից կարող է լինել, հնարավոր է գոտկատեղից լինի խնդիրը։
Նախապես շնորհակալ եմ
Արամ, 30 տարեկան

Պատասխան՝

Հարգելի Արամ, ոտքերի ցավը կարող է պայմանավորված լինել մի քանի պատճառով՝ անոթային, մկանային և, իհարկե, կարող է պատճառը նաև գոտկային հատվածում հավանական խնդիրները լինեն։ Անհրաժեշտ է և օբյեկտիվ զննում բժշկի կողմից, և գործիքային հետազոտություններ՝ ախտորոշումը ճշտելու համար։ Ուզում եմ նշել, որ մեր կայքի միջոցով մեզ դիմած այցելուների համար բժշկի առաջնային խորհրդատվությունն անվճար է։

Հարգանքներով՝ Գայանե Հմայակի Վարդանյան
«Աստղիկ» ԲԿ նյարդաբան
Հեռ.՝ 093528033

Նախքան հղիանալը անգինայի համար դեղ եմ ընդունել, հնարավո՞ր է դրանից լինի վիժում

Հարց`

Հարգելի բժիշկ, 4 ամիս է, ինչ ամուսնացած եմ, ունեցել եմ վիժում՝ 6 շաբաթական, նախքան հղիանալը անգինայի համար դեղ եմ ընդունել, հնարավո՞ր է դրանից լինի վիժումը։ Կանխավ շնորհակալություն, Յանա, 21 տարեկան

Պատասխան՝

Հարգելի Յանա, խորհուրդ կտամ լիարժեք հետազոտվել նախքան նորից հղիանալը։ Անպայման նշեմ, որ վիժելուց հետո 3-6 ամիս չպետք է հղիանաք, որպեսզի Ձեր օրգանիզմը հանսգտանա հորմոնալ փոփոխություններից։ Այդ ժամանակահատվածն օգտագործեք հետազոտվելու և, եթե անհրաժեշտ է, բուժում ստանալու համար։
Իսկ անգինայի պարագայում խորհուրդ կտամ հեռացնել նշիկները մինչև հղիանալը, եթե անգինան Ձեզ մոտ կրկնվում է տարվա ընթացքում 2-3 անգամից ավել։ Դիմեք ԼՕՌ մասնագետին, որովհետև բորբոքված նշիկները կարող են հանդիսանալ ինֆեկցիայի օջախ և ինֆեկցեն նաև պտուղը։

Հարգանքներով՝ Իննա Գեորգիի Պերսոյան
Աստղիկ ԲԿ-ի Կանանց կոնսուլտացիայի ծառայության ղեկավար, բգթ
Հեռ.՝ 091252871

Կորոնարոգրաֆիա

Հարց`

Հարգելի բժիշկ, հետազոտման և բուժման արդյունքում նշանակվել է կորոնարոգրաֆիա:
Ասեք, խնդրեմ, ինչպես է իրականացվում այդ հետազոտումը,անհրաժեշտ է հիվանդի մնալը ստացիոնարում, եթե այո, ապա քանի օր և որքան արժե հետազոտությունը:
Կանխավ շնորհակալ եմ:
Անուշ

Պատասխան՝

Հարգելի Անուշ,
կորոնարոգրաֆիան – դիագնոստիկ ներսրտային հետազոտություն է` Սրտի Իշեմիկ Հիվանդությունը ժխտելու կամ հաստատելու նպատակով: Կորոնարոգրաֆիան իրականացվում է տեղային անզգայացման պայմաններում` անգիոգրաֆիկ լաբորատորիայում: Հետազոտությունը կարելի է իրականացնել ազդրային կամ ճաճանչային զարկերակից: Հետազոտության ընթացքում պացիենտը լինում է արթուն և իրազեկ բոլոր իրադարձություններին: Հետազոտությունը համարվում է մինիմալ միջամտական և ցածր ռիսկային (0.5-1%):
Պացիենտը կորոնարոգրաֆիայից հետո ստացիոնարում է մնում 1 օր (եթե հետագա միջամտության կարիք չկա` ըստ կորոնարոգրաֆիայի տվյալների): Հետազոտության արդյունքները պատրաստ են լինում պրոցեդուրայից անմիջապես հետո, և ըստ արդյունքների քննարկվում են հետագա բուժման եղանակները` միայն դեղորայքային բուժում, կորոնար (սրտի) զարկերակների ստենտավորում կամ շունտավորում (սրտի բաց վիրահատություն):
Կորոնարոգրաֆիայի արժեքն է 200 000 AMD:

Հարգանքներով՝
Զառա Էդուարդի Կարտոյան,
«Աստղիկ» ԲԿ-ի Սրտաբանական,
առիթմոլոգիական բաժանմունքի ղեկավար

17 տարեկան եմ, ունեմ քաշի հետ կապված խնդիրներ՝ հասակս 172սմ է, քաշս՝ 45կգ), կարող եք ասել, թե ինչով է դա պայմանավորված։

Հարց`

Հարգելի բժիշկ, ես 17 տարեկան, եմ, ունեմ քաշի հետ կապված խնդիրներ՝ հասակս 172սմ է, քաշս՝ 45կգ), կարող եք ասել, թե ինչով է դա պայմանավորված։

Պատասխան՝

Հարգելի Աիդա,
ըստ Ձեր նկարագրած հասակի և քաշի ցուցանիշների` այո, ասեմ, որ նորմայից ցածր է: Ձեր ՄԶԻ-ն 16 է, իսկ նորման` 18,5-25 է: Այլ գանգատներ դուք չնշեցիք, որպեսզի ավելի ճշգրիտ ախտորոշվի Ձեր հիվանդությունը կամ ախտանիշը, որը չի բացառվում լինել էնդոկրին խնդիրներից ( քրոնիկ մակերիկամային հիվանդություն կամ վահանաձև գեղձի դիսֆունկցիա), որը կախտորոշվի հորմոնալ քննությամբ (TSH,T4free, AT-TPO, ACTH, COR, Gluc.), էլեկտրոլիտային (Na,K,Cl,Ca-իոն.) և արյան ընդհանուր քննությամբ: Քաշի ցածր լինելու պատճառ կարող են հանդիսանալ նաև ոչ էնդոկրին խանգարումներով պայմանավորված հիվանդություններ, մասնավորապես՝ ճիճվակրություն, դիսբակտերիոզ, նևրոզ:

Հարգանքներով՝ Աննա Աղավելյան,
Աստղիկ ԲԿ-ի էնդոկրինոլոգ
Հեռ.՝ 094131411

Հնարավո՞ր է արդյոք միայն մեկ շագանակագեղձով երեխա ունենալ

Հարց`

Հարգելի բժիշկ, ասեք, խնդրում եմ, արդյոք տղամարդը կարող միայն մեկ շականակագեղձով երեխա ունենալ։ Իմ պատճառը հետևյալն է. ինձ մոտ ակնհայտ երևում է, որ աջ շագանակագեղձս նորմալ է, իսկ ձախը՝ փոքր։ Փոքր շագանակագեղձիս շրջանում երակներս ակտիվ ընթացքում ուռչում են։ Խնդիրն ունեմ արդեն մի քանի տարի, բայց երբեք չեմ դիմել բժշկի։ Ավելացնեմ նաև, որ իմ սեռական կյանքը ակտիվ է, սերմնահեղուկը՝ նորմալ ժայթքումով, միայն մտածում եմ վեր նշված խնդրի մասին, և ցանկանում եմ ուղղակի իմանալ՝ արդյոք հնարավոր է միայն մեկ շագանակագեղձով երեխա ունենալ: Կանխավ շնորհակալ եմ:

Արման, 22 տարեկան

Պատասխան՝

Հարգելի Արման, նախ կուզեի Ձեզ հանել տերմինաբանական շփոթությունից՝ հավանաբար Ձեր հարզման մեջ խոսքը ոչ թե շագանակագեղձի մասին է, որը եզակի օրգան է, այլ ամորձիների, որոնք զուգակցված օրգան են։ Ինչպես և այլ զուգակցված օրգանների դեպքում՝ ամորձիների դեպքում էլ երկուսից մեկի ֆունկցիայի խախտման ժամանակ առողջ օրգանը, տվյալ դեպքում՝ ամորձին, կարող է ամբողջությամբ ապահովել երկուսի ֆուընկցիոնալ կարողությունները, տվյալ դեպքում՝ բեղմանավորիչ ֆունկցիան։ Սակայն Ձեր դեպքում հավանաբար խոսքը ձախակողմյան վարիկոցելեի մասին է՝ հիվանդության, որն ուղեկցվում է հատկապես ձախ ամորձու երակների պաթոլոգիկ լայնացմամբ, ինչն էլ իր հերթին կարող է պատճառ հանդիսանալ Ձեր ձախ ամորձու համեմատաբար փոքր լինելուն։ Բացի դրանից, վարիկոցելեով առաջացած ջերմաստիճանային, արյան շրջանառության, իմունային խախտումները կարող են վնաս հասցնել ոչ միայն ձախ ամորձուն, այլև աջ, և հետևաբար վարիկոցելեն կարող է լինել տղամարդու չբերության պատճառ։ Եթե Ձեզ համար երակների լայնացումը տեսանելի է, ապա խոսքը հավանաբար վարիկոցելեի 3-րդ աստիճանի մասին է, որ պահանջում է վիահատական միջամտություն։

Մենք կատարում ենք վարիկոցելեի ամենաժամանակակից և գրեթե ամենաարդյունավետ մեթոդը՝ կիրառելով ամորձու թերի երակի սկլերոզավորում՝ փոքր կտրվածքով տեղային անզգայացման և ռենտգեն հսկողության ներքո այդ թերի երակի մեջ ներարկվում է հատուկ նյութ, որը քայքայում է այդ լայնացած երակի ներքին մակերեսը և փակում այն։ Այդպիսով ընդհատվում է արատավոր, վնասակար արյան շրջանառությունը, փոխարենը զարգանում են ամորձու սնուցումը և ամորձապարկի նորմալ ջերմաստիճանն ապահովող մանր անոթներ։ Եվ եթե չբերությունը դարձելի է, ապա այդ վիրահատությամբ կարելի է ամբողջությամբ վերացնել տղամարդու չբերությունը։

Հարգանքներով՝ Ռուբեն Ռոմենի Բորոյան, բգդ, պրոֆեսոր

«Աստղիկ» ԲԿ-ի ուրոլոգիայի ծառայության ղեկավար

Հեռ.՝ 091407125

Գիշերային անմիզապահություն

Հարց`

Հարգելի բժիշկ, իմ տղան 13 տարեկան է և ունի գիշերային անմիզապահություն, որը ժառանգականության հետևանք է։ Արդեն 5 ամիս է, բուժում է ստանում՝ Դրիպտան 5մգ՝ իհարկե բոլոր հետազոտություններից հետո և բժշկի նշանակմամբ։ Դա պետք է տևի 6-9 ամիս։ Դրական փոփոխություններ կան, բայց ինձ անհանգստացնում է այդ ժամանակահատվածը, որ պետք է ընդունի դեղը. Արդյոք ճիշտ բուժում է նշանակված և չկա ավելի արդյունավետ տարբերակ։

Պատասխան՝

Հարգելի Աննա,

առաջին հերթին պետք է հստակեցնել Ձեր երեխայի ախտորոշումը. եթե ձեր երեխայի մոտ ախտորոշվել է իսկապես մոնոսիմպտոն գիշերային անմիզապահություն՝ էնուրեզ, և այդ գիշերային անմիզապահությունը չի զուգակցվում ցերեկվա ընթացքում միզարձակման խանգարումներով կամ նյարդային համակարգի Ձեզ հայտնի հիվանդություններով, ապա այդ դեպքերում դեղորայքային ամենաարդյունավետ բուժումը, ըստ եվրոպական ուրոլոգիայի ասոցիացիայի ուղեցույցների, հանդիսանում է Դեսմոպրեսինը՝ իր տարբեր դեղատեսակներով /քթի մեջ սփրեյ կամ կաթիլներով/, որն ունի մոտ 70 տոկոս արդյունավետություն, սակայն մյուս կողմից, դեղամիջոցի կիրռումն ընդհատելուց հետո հնարավոր է գիշերամիզությունը վերսկսվի։ Ոչ դեղորայքային միջոցներից կիրառվում են այսպես կոչված սիգնալիզացիան՝ երեխային գիշերվա ժամերին արթնացնել՝ չսպասելով անմիզապահությանը։ Մյուս միջոցը կյանքի վարման ռեժիմի փոփոխությունն է՝ երեկոյան որոշակի ժամերից հետո հեղուկների սահմանափակումը և այլն։

Այն դեղորայքը, որի մասին Դուք գրել եք, կանոնավորում է միզապարկի անկանոն կծկումները և որոշ դեպքերում կարող է կիրառվել, սակայն չի հանդիսանում մոնոսիմպտոն գիշերային անմիզապահության հիմնական բուժող պրեպարատ։

Հարգանքներով՝ Ռուբեն Ռոմենի Բորոյան, բգդ, պրոֆեսոր

«Աստղիկ» ԲԿ-ի ուրոլոգիայի ծառայության ղեկավար

Հեռ.՝ 091407125

Վիժում

Հարց`

Հարգելի բժիշկ 3 ամիս է ինչ ամուսնացած եմ: Մեկ ամսական հղի եմ եղել, վիժել եմ, հուլիսի 18-ին դաշտան եմ տեսել, հաջորդ օրը վիժել եմ, բայց հիվանդանոց չեմ գնացել: Հնարավո՞ր է բարդություններ առաջանա հետագայում։

Անի, 18 տարեկան

Պատասխան՝

Հարգելի Անի, պետք է անպայման դիմել բժշկի, որպեսզի իմանաք՝ վիժումը լիարժեք է եղել, թե ոչ։ Բացի այդ, լավ կլիներ հայտնաբերել վիժման պատճառը, որպեսզի վիժումը չկրկնվի։

Հարգանքներով՝ Իննա Գեորգիի Պերսոյան

Աստղիկ ԲԿ-ի Կանանց կոնսուլտացիայի ծառայության ղեկավար, բգթ

Հեռ.՝ 091252871

Ի՞նչ պետք է անեմ եթե վերքը թարախակալվել է

Հարց`

Հարգելի բժիշկ, ասեք, խնդրում եմ, ինչ պետք է անեմ եթե վերքը թարախակալվել է։

Գարիկ, 12 տարեկան

Պատասխան՝

Հարգելի Գարիկ

Դեմքի շրջանում թարախակույտի առկայության դեպքում անհրաժեշտ է կատարել թարախակույտի բացահատում և ստանալ անտիբիոտիկոթերապիա։ Այս միջոցառումները իրականցվում են միայն հիվանդանոցային պայմաններում։

Հարգանքներով՝

Արմեն Էդուարդի Հարությունյան

Աստղիկ ԲԿ-ի դիմածնոտային վիրաբույժ

Հեռ.՝ 091088589

Հոգնածություն, թուլություն, ուշադրության անկում

Հարց`

Հարգելի բժիշկ, ես արդեն բավական ժամանակ է ունեմ ուշադրության անկում, շուտ եմ հոգնում, ծուլանում եմ կատարել ցանկացած տեսակի աշխատանք, քնկոտ եմ դարձել ու կորել է կյանքի նկատմամբ ունեցած եռանդն ու էներգիան, ասացեք, խնդրում եմ, ինչն է պատճառը. ինչ է սա՝ գերհոգնածություն, սթրես, նևրոզ, թե ինչ…… Շնորհակալություն

Մարտին, 16 տարեկան

Պատասխան՝

Հարգելի Մարտին, նախ ասեք, թե Ձեր կարծիքով ինչից հետո են սկսել ի հայտ գալ այդ ախտանիշները, ունեցել եք, արդյոք, սթրեսային իրավիճակ։ Անկախ ամենից՝ խորհուրդ եմ տալիս ստուգել վահանաձև գեղձի աշխատանքը, եթե ամեն ինչ նորմալ լինի, պետք է ստուգել և բուժել մակերիկամները։

Հարգանքներով՝ Նարինե Բեգլարյան

«Աստղիկ» ԲԿ-ի էնդոկրինոլոգ

Հեռ.՝ 094 16 42 42

Անմիզապահություն

Հարց`

Հարգելի բժիշկ, ես 33 տարեկան եմ և շատ վաղուց՝ մոտ 5 տարեկանից ինձ մոտ կա անմիզապահություն: Հիվանդությունը տհաճ է և կարծում եմ, ինչպես բոլորի մոտ, այնպես էլ ինձ մոտ միշտ ամոթի զգացում է առաջացրել և կոմպլեքսներ՝ դիմելու բժշկի: Մոտ 15 տարեկանում մեկ անգամ դիմել եմ բժշկի, սակայն որոշակի բանավոր հարցումներից հետո ուղղակի նշանակվեց դիետա և որոշակի վարժություններ, որոնք այնքան էլ չօգնեցին: Անմիզապահությունն ինձ մոտ առաջանում է միայն բուռն ծիծաղի (այն էլ ոչ միշտ, ավելի շատ լարված այն մտքից, որ կարող է էլի մոտս սկսվել երևույթը) և լարվածության (քննությունից, գործնական և անձնական կարևոր հանդիպումից առաջ և այլն) ժամանակ: Կարծում եմ, որ իմ պարագայում անհրաժեշտ է վիրահատական միջամտություն: Խնդրում եմ խորհուրդ տալ՝ արդյոք վիրահատությունն իրոք անհրաժեշտ է և ինչքան է վիրահատության մոտավոր արժեքը, որքան է այն տևում, որքան է հետվիրահատական վերականգնողական ժամանակահատվածը:

Կանխավ շնորհակալ եմ:

Մոնիկա

Պատասխան՝

Հարգելի Մոնիկա, անմիզապահությամբ բնորոշվող հիվանդությունները և վիճակները, բազմաթիվ են, ինչպես նաև բազմաթիվ են անմիզապահության պատճառները։ Անմիզապահությունը կարող է լինել նյարդային համակարգի խախտման հետևանք, գիշերային անմիզապահության հիմքում նույնպես նյարդային համակարգի խախտումներն են։ Գոյություն ունի անմիզապահության հիմնական 3 տեսակ.

1. սթրեսային անմիզապահություն,

2. ուրգենտ անմիզապահություն,

3. սթրեսային և ուրգենտ անմիզապահության համադրություն։

Վիրահատական բուժումը, որի մասին Դուք գրում եք, հիմնականում կիրառվում է սթրեսային անմիզապահության դեպքում, և ամենաժամանակակից վիրահատական մեթոդներն են, այսպես կոչված՝ միջին միզուկային սլինգային վիրահատությունները՝ հատուկ սինթետիկ լենտերի կիրառմամբ։ Այդ վիրահատությունները, լինելով շատ արդյունավետ՝ բնորոշվում են կարճ հետվիրահատական շրջանով և շատ արագ են կատարվում /վիրահատությունը տևում է ոչ ավել քան 30 րոպե, հիվանդանոցում անցկացնելու անհրաժեշտությունը՝ մի քանի ժամից մինչև 1 օր/։ Ուրգենտային անմիզապահության դեպքում կիրառվում է դեղորայքային բուժում։ Դեղորայքային բուժումն արդյունավետ է և կիրառվում է նաև անմիզապահության այն դեպքերում, որոնց պատճառը նյարդային համակարգի տարբեր տեսակի հիվանդություններն են։

Քանի որ անմիզապահության այն տեսակը, որը նկարագրվում է Ձեզ մոտ, պարունակում է և սթրեսային անմիզապահության նշաններ, և նեյրոգեն միզապարկի նշաններ, վիրահատության ցուցված լինելը և արդյունավետությունը որոշելու, և առհասարակ բուժման եղանակն ընտրելու համար որոշ լրացուցիչ հետազոտություներ են հարկավոր։ Դուք կարող եք մոտենալ Աստղիկ ԲԿ՝ նախնական խորհրդատվության, որը Ձեզ համար՝ որպես կայքով մեզ դիմած հիվանդի, կլինի անվճար։

Հարգանքներով՝ Ռուբեն Ռոմենի Բորոյան

Աստղիկ ԲԿ-ի Ուրոլոգիայի կլինիկայի ղեկավար, բգդ, պրոֆեսոր

Հեռ.՝ 091407125

Արդյոք հնարավոր է հղինալ կույս վիճակում:

Հարց`

Հարգելի բժիշկ, ես ամուսնացած եմ արդեն մի քանի ամիս, բայց ցավի պատճառով չեմ կարողանում ազատվել կուսաթաղանթից, շատ եմ լարվում… Բայց ուզում եմ իմանալ, արդյոք հնարավոր է հղինալ կույս վիճակում, և եթե բժշկի միջամտությամբ պատռվի կուսաթաղանթը, կկարողանամ արդյոք անցավ սեռական կյանքով ապրել։

Պատասխան՝

Հարգելի Մարիամ, այո, կույս վիճակում կարող եք հղիանալ, ինչ վերաբերում է բժշկական միջամտությամբ կուսաթաղանթը պատռելուն, ապա դա նույնպես հնարավոր է, և եթե դրանից հետո Ձեզ մոտ վագինիզմ չլինի, ապա, այո, կարող եք ապրել անցավ սեռական կյանքով, վագինիզմի լինելու դեպքում անհրաժեշտ կլինի դիմել բժշկին՝ պատճառները պարզելու և համապատասխան բուժում ստանալու։

Հարգանքներով՝ Ինա Գեորգիի Պերսոյան

Աստղիկ ԲԿ Կանանց կոնսուլտացիայի ծառայության ղեկավար, բգթ

Հեռ. ՝ 091252871

Քանի՞ տարեկանից է թույլատրվում քթի պլաստիկ վիրահատությունը և ի՞նչքան արժե:

Հարց`

«Աստղիկ» ԲԿ-ում ինչքա՞ն արժե քթի պլաստիկ վիրահատությունը և քանի՞ տարեկանից է թույլատրվում:

Պատասխան՝

Հարգելի Մերի, քթի պլաստիկ վիրահատություն կարելի է անել 17 տարեկանը լրացած անձանց, իսկ «Աստղիկ» բկ-ում նմանատիպ վիրահատությունն արժե 500.000 դրամ։

Հարգանքներով՝ Աշոտ Գարուշի Թորոսյան

«Աստղիկ» բկ-ի գլխավոր բժիշկ, պլաստիկ, ռեկոնստրուկտիվ վիրաբույժ

Կցանկանայի հաշվառվել ձեր ծննդատանը: Ի՞նչ է պետք անել դրա համար։

Հարց`

Հարգելի բժիշկ, ես գրանցված եմ Մալաթիա-Սեբաստիա համայնքում, Շահումյանում, ունեմ 12 շաբաթական հղիություն, կցանկանայի հաշվառվել ձեր ծննդատանը, ասեք, խնդրում եմ, ինչ է պետք անել դրա համար։

Պատասխան՝

Հարգելի Եվա,

Դուք Ձեզ հետ պետք է բերեք Ձեր և Ձեր ամուսնու անձնագրերի պատճեները, տեղեկանք Ձեր պոլիկլինիկայի տարծքի գինեկոլոգից այն մասին, որ որպես հղի չեք հաշվառվել իր մոտ, թերապևտի կողմից քաղվացք Ձեր առողջության մասին, առավոտվա մեզը և ներկայանալ սոված՝ անալիզներ հանձնելու համար։

Հարգանքներով՝ Ինա Գեորգիի Պերսոյան

Աստղիկ ԲԿ Կանանց կոնսուլտացիայի ծառայության ղեկավար, բգթ

Հեռ. ՝ 091252871

Անալիզների արդյունքում ինձ մոտ հայտնաբերվեց Ցիտոմեգալովիրուս: Ասեք, խնդրում եմ, ի՞նչ բուժում կա:

Հարց`

Հարգելի բժիշկ, ես 21 տարեկան եմ, պատրաստվում եմ ամուսնանալ, անալիզների արդյունքում ինձ մոտ հայտնաբերվեց Ցիտոմեգալովիրուս: Ասեք, խնդրում եմ, ինչ բուժում կա և ինչպես կարող եմ ազատվել այդ վիրուսից։ Նախապես շնորհակալություն։

Պատասխան՝

Հարգելի Արմինե, ուզում եմ միանգամից նշել, որ վիրուսից ազատվել հնարավոր չէ. Մարդկանց 97%-ն ունի ցիտոմեգալովիրուս (CMV), որովհետև դա տարածվում է օդա-կաթիլային ճանապարհով և հատուկ բուժում չի պահանջում։ Այն վտանգավոր է միայն այն դեպքում, եթե վարակումը եղել է հղիության ժամանակ։ Ուղղակի պետք է օրգանիզմի դիմադրողականությունը միշտ պահել պատշաճ մակարդակի, իսկ այդ նպատակով պետք է ճիշտ սնվել, վարել առողջ ապրելակերպ։

ՀԳ. Կարելի է հանձնել մի անալիզ-ավիդնոստ CMV-ի նկատմամբ, որը ցույց կտա՝ պետք է արդյոք բուժում, թե ոչ։

Հարգանքներով՝ Ինա Գեորգիի Պերսոյան

Աստղիկ ԲԿ Կանանց կոնսուլտացիայի ծառայության ղեկավար, բգթ

Հեռ. ՝ 091252871

Ողնաշարի գրիժա

Հարց`

Հարգելի բժիշկ մայրս ողնաշարի գրիժա ունի 2 հատ, 1-ը վիրահատեցին, մյուսը մնաց: Արդեն 2 տարի է ինչ շարունակում է մեջքը ցավալ, նաև ձախ ոտքն է ցավում: Նա ոչ մի վերականգնողական բուժում չի ստացել: Ինչ կարելի է անել, նա 44 տարեկան է:

Պատասխան՝

Հարգելի Լուսինե, եթե ցավեր կան ոտքում, դա նշանակում է, որ ձեր գրիժան սեղմում է դեպի ոտքը գնացող ներվարմատը։ Ճիշտ կլինի ՄՌՏ հետազոտությամբ պարզել այդ հանգամանքը և հերթական բուժում անցնել նյարդաբանի մոտ։ Դրանից հետո, ըստ ստացված արդյունքների, կորոշվի վերականգնողական բուժում անցնելու հարցը։

Հարգանքներով՝

«Աստղիկ» ԲԿ-ի նյարդաբանական ծառայության ղեկավար՝

Զոհրապ Ներսեսի Գրիգորյանը

Վահանաձև գեղձի խնդիր և հանգույց

Հարց`

Հարգելի բժիշկ

Ունեի վահանաձև գեղձի խնդիր և հանգույց՝ 7.5 մմ: Բուժման արդյունքում հանգույցը դարձել է 4.8 մմ, իսկ հորմոնները ` թիրեոտրոպոն հորմոնը 4.12 -ից՝ 2.03, թիրեոգլորուբինի հանդեպ հակամարմինները` 51.4:

Պատրաստվում եմ ամուսնանալ: Կուզեի իմանալ՝ հղիության ընթացքում հնարավոր են բարդություններ: Նախապես հայտնում եմ իմ շնորհակալությունը:

Պատասխան՝

Հարգելի Լիլիթ,

հղիության ընթացքում բոլոր տեսակի հանգույցները պարտադիր մեծանում են։ Պարզապես խորհուրդ կտանք, հղիության ընթացքում լինել ուշադիր՝ 2-3 ամիսը մեկ կատարել վահանաձև գեղձի սոնոգրաֆիա, ընդունել յոդոմարին և անհրաժեշտության դեպքում այցելել էնդոկրինոլոգին։

Հարգանքներով՝

«Աստղիկ» ԲԿ-ի էնդոկրինոլոգ՝ Նարինե Բեգլարյան

Հեռ. ՝ 094 16 42 42

Ինչպե՞ս կարելի է բուժել գորտնուկը:

Հարց`

Ինչպե՞ս կարելի է բուժել գորտնուկը:

Տիգրան, 14 տարեկան

Պատասխան՝

Հարգելի Տիգրան, կախված գորտնուկի տեղակայման վայրից, չափից և բորբոքման առկայությունից՝ բուժման եղանակները կարող են տարբեր լինել։ Ցանկալի է անցնել բժշկի խորհրդակցություն՝ ճիշտ ախտորոշման համար։ Կարող եք մոտենալ ինձ, ես սիրով Ձեզ կնայեմ՝ առանց որևէ վճարի, նոր խորհուրդ կտամ՝ ինչ մեթոդ կիրառել։

Հարգանքներով՝ Ա. Ոսկանյան, «Մալաթիա» ԲԿ-ի վիրաբույժ, բգթ, դոցենտ

Հեռ.՝ 055117748

Ընկերներիցս մեկը տառապում է ոսկրի ուռուցքով, արդյոք կա բուժման հնարավորություն:

Հարց`

Հարգելի բժշիկ, ընկերներիցս մեկը տառապում է ոսկրի ուռուցքով, հիվանդությունը նախնական փուլում է:Ուզում եմ իմանալ՝ կա արդյոք բուժման հնարավորություն՝ թեկուզ արտասահմանում:

Սվետա, 22 տարեկան

Պատասխան՝

Հարգելի Սվետա, նախևառաջ անհրաժեշտ է համոզվել ախտորոշման հավաստիության մեջ, օնլայն կոնսուլտացիան բավարար չէ, ճիշտ ախտորոշման համար անհրաժեշտ են հետազոտություններ: Եթե դրանք արդեն արված են, ապա ես պետք է դրանք տեսնեմ:

Մենք կապահովենք լիարժեք խորհրդատվություն և հնարավոր բուժում ինչպես մեր կլինիկայում, այնպես էլ արտասահմանում:

Հարգանքներով՝ Գայանե Վլադիմիրի Ղազարյան,

Աստղիկ ԲԿ-ի Օնկոլոգիայի ծառայության ղեկավար

Հեռ.՝ 091 42 04 62

Հեռացրել են կույր աղիքս, եղել է սուր բորբոքում, ե՞րբ կարող եմ շարունակել զբաղվել սիրողական սպորտով

Հարց`

Հարգելի բժիշկ,

2014թ Փետրվարի 3-ին վիրահատվել եմ՝ հեռացրել են կույր աղիքս,եղել է սուր բորբոքում: Վիրահատությունը լավ է անցել, հետվիրահատական շրջանը տարել եմ առանց բարդութունների:

Կցանկանայի իմանալ՝ երբ կարող եմ շարունակել զբաղվել սիրողական սպորտով, մասնավորապես՝ մեծ թենիսով:

Նախապես շնորհակալություն

Սվետլանա, 22 տարեկան

Պատասխան՝

Հարգելի Սվետլանա, ըստ Ձեր նկարագրածի՝ հետվիրահատական շրջանում չեք ունեցել բարդություններ, ըստ այդմ՝ արդեն կարող եք զբաղվել թե սիրողական և թե պրոֆեսիոնալ սպորտով:

Հարգանքներով՝

Բժիշկ, բգթ, դոցենտ՝ Արմեն Մարտիրոսի Վարժապետյան

Հեռ.՝ 093 118835

Ինձ մոտ թութք է առաջացել: Ինչպե՞ս է կարելի բուժվել:

Հարց`

Հարգելի բժիշկ, արդեն երեք օր է ինձ մոտ մի տհաճ իրավիճակ է ստեղծվել. ինձ մոտ թութք է առաջացել: Խնդրում եմ ասեք՝ տնային պայմաններում ինչպես է կարելի բուժվել, ինչ դեղամիջոց խորհուրդ կտաք օգտագործել և ինչ է պետք է անել, որեսզի այն, այլևս չկրկնվի:

Նախապես շնորհակալություն

Սարգիս, 24 տարեկան

Պատասխան՝

Հարգելի Սարգիս,

թութքն իրենից ներկայացնում է զանազան ախտանիշներով /նշաներով/ արտահայտվող հիվանդութուն, որի ժամանակ հնարավոր են մի շարք բարդութուններ: Առաջին քայլը պետք է լինի բժշկին այցելելը, որի ժամանակ կդրվի վերջնական ախտորոշումը և ըստ այդմ՝ կընտրվի բուժման օպտիմալ տակտիկան՝ կնշանակվեն դեղամիջոցներ կամ կառաջարկվի վիրահատական բուժում:

Հարգանքներով՝

Վիրաբուժական ծառայության ղեկավար`

Հայրապետ Ալեքսանի Բարսեղյան

Բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր

Հեռ.՝ (010) 773867

5 ամիս դաշտանային ցիկլս ուշացել էր, հետո 1 ամիս նորմալ հիվանդացա, հիմա նորից 2 ամիս ուշացում ունեմ, կարող եք ասել, թե ինչ խնդիր է ինձ մոտ:

Հարց`

Հարգելի բժիշկ, 5 ամիս դաշտանային ցիկլս ուշացել էր, հետո 1 ամիս նորմալ հիվանդացա, հիմա նորից 2 ամիս ուշացում ունեմ, կարող եք ասել, թե ինչ խնդիր է ինձ մոտ:

Անի, 25 տարեկան

Պատասխան՝

Մենստրուալ ցիկլի խանգարումը տարբեր պատճառներ կարող է ունենալ, պատճառը պարզելու համար անհրաժեշտ է անցկացնել ուլտրաձայնային հետազոտություն և ստուգել հորմոնները: Խորհուրդ եմ տալիս մոտենալ հետազոտության:

Հարգանքներով՝ Ինա Գեորգիի Պերսոյան

Աստղիկ ԲԿ Կանանց կոնսուլտացիայի ծառայության ղեկավար, բգթ

Հեռ. ՝ 091252871

Քրոնիկ նեֆրիտ

Հարց`

Հարգելի բժիշկ, անալիզների արդյունքում ինձ մոտ ախտորոշվեց քրոնիկ նեֆրիտ, խնդրում եմ, ասեք, թե ո՞րը պետք է լինի իմ հետագա քայլը՝ պետք է սկսել արյան դիալիզ: Արդյո՞ք դիալիզը լիովին ապաքինում է: Հնարավոր է արդյոք, որ երիկամի փոխպավաստումը լրիվ բուժի հիվանդությունը:

Շնորհակալություն

Տիգրան, 32 տարեկան

Պատասխան՝

Պատասխան

Հարգելի Տիգրան, քրոնիկ նեֆրիտ ախտորոշումը պահանջում է լայնածավալ և հետևողական հետազոտություններ՝ ընդհուպ մինչև երիկամի բիոպսիա, ինչը տալիս է հնարավորություն պարզելու քրոնիկ նեֆրիտի տարատեսակը և ծագումը: Դա իր հերթին տալիս է հնարավորություն ընտրել մաքսիմալ ճիշտ և արդյունավետ կոնսերվատիվ բուժման եղանակ:Այն դեպքերում, երբ հիվանդությունն ունենում է ագրեսիվ բնույթ և կոնսերվատիվ բուժումը լինում է ոչ արդյունավետ, առաջ է գալիս անհրաժեշտություն շարունակել բուժումը հեմոդիալիզի մեթոդով: Միայն այդ բուժումը կիրառելուց հետո ակտուալ է դառնում երիկամի փոխպատվաստումը:

Աստղիկ ԲԿ Հեմոդիալիզի ծառայության ղեկավար՝

Արթուր Վլադլենի Սաֆարյան

Հեռ.՝ 055556154

Ինչ բուժում կառաջարկեք, որպեսզի կարգավորվի սրտային անբավարարությունը՝ ստացիոնար, թե ամբուլատոր:

Հարց`

Հարգելի բժիշկ, հայրս 74 տարեկան է և հետազոտվելուց հետո իր մոտ հայտնաբերել են աթերոսկլերոտիկ կարդիոսկլերոզ, ձախ փորոքի դիաստոլիկ դիսֆունկցիա I տիպ, ու նաև շողացող առիթմիա: Հիմա դեղորայքային բուժում է ստանում: Իսկ դուք ինչ բուժում կառաջարկեք, որպեսզի կարգավորվի սրտային անբավարարությունը՝ ստացիոնար, թե ամբուլատոր: Նախօրոք հայտնում եմ շնորհակալությունս:

Կարեն

Պատասխան՝

Հարգելի Կարեն,

ձախ փորոքի դիաստոլիկ դիսֆունկցիան պայմանավորված է հիպերտոնիկ հիվանդությամբ: Շողացող առիթմիայի (նախասրտերի ֆիբրիլյացիա) տարածվածությունը հիպերտոնիկ հիվանդությամբ տարեց պացիենտների շրջանում կազմում է մինչև 73%:

Մինչ դեղորայքային բուժում առաջարկելն անհրաժեշտ է հետազոտվել` ճշտել շողացող առիթմիայի տեսակը, գնահատել թրոմբոէմբոլիկ ռիսկերը, կատարել հոլտեր մոնիտորինգ (24ժ էլեկտրասրտագրություն), գնահատել սրտային անբավարարության դասը և քննարկել տվյալ պացիենտի վարման պլանը (ստացիոնար կամ ամբուլատոր հսկողություն, դեղորայքային բուժում):

Այս ամենը կատարվում է մեր կենտրոնում: Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք զանգահարել 778381 (լր. 216) հեռախոսահամարով:

Հարգանքներով՝

Զառա Էդուարդի Կարտոյան

Առիթմոլոգիական, սրտաբանական բաժանմունքի ղեկավար

Հարգելի բժիշկ, ես գիտեմ, որ սիրտը մկան է, որը երբեք չի կարող ծակել: Այդ դեպքում, խնդրում եմ, ասեք, թե ի՞նչն է ծակում կամ ցավում:

Հարց`

Հարգելի բժիշկ, ես գիտեմ, որ սիրտը մկան է, որը երբեք չի կարող ծակել: Այդ դեպքում, խնդրում եմ, ասեք, թե ի՞նչն է ծակում կամ ցավում:

Պատասխան՝

Հարգելի Ալվարդ,

ծակոցը և կրծքավանդակի ձախ կեսում ֆիզիկական ակտիվության հետ կապ չունեցող ցավը տիպիկ սրտային գանգատներ չեն։

Ցավի բնույթը ճիշտ գնահատելու և սրտի իշեմիկ հիվանդությունը ժխտելու նպատակով խորհուրդ է տրվում կատարել ընդհանուր սրտաբանական հետազոտություններ, գնահատել կորոնար անոթների ախտահարման ռիսկի բոլոր գործոնները։

Չի բացառվում, որ Ձեր գանգատը պայմանավորված լինի մկանային և նյարդային ցավերով։

Խորհուրդ է տրվում կատարել ամբողջական սրտաբանական հետազոտություն (էլեկտրոկարդիոգրաֆիա, էխոկարդիոգրաֆիա), այս ամենը բարձր մակարդակով կատարվում է մեր կենտրոնում: Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք զանգահարել 778381 (լր. 216) հեռախոսահամարով:

Հարգանքներով՝

Զառա Էդուարդի Կարտոյան

Առիթմոլոգիական, սրտաբանական բաժանմունքի ղեկավար

Ի՞նչը կարող է լինել պատճառը, որ սերմնահեղուկը կարմրավուն է:

Հարց`

Հարգելի բժիշկ, վերջին սեքսի ժամանակ նկատեցի, որ սերմնահեղուկի գույնը կարմրավուն է: Այդ առավոտ ունեի թեթև գլխացավ, որը սովորական է ինձ համար, բայց ընդհանրապես ինձ նորմալ եմ զգում: Ասեք, խնդրում եմ, թե ի՞նչը կարող է լինել պատճառը և ինչպե՞ս վարվեմ նման իրավիճակում:

Պատասխան՝

Հարգելի Վարդան, ենթադրում եմ, որ Ձեր տարիքը չի գերազանցում 40-ը, այդ տարիքում սերմի մեջ արյան առկայությունը /հեմատոսպերմիան/ հիմնականում առաջանում է սերմնաբուշտերի կամ շագանակագեղձի բորբոքման հետևանքով: Երբեմն հեմատոսպերմիան նշան է ուրետրիտի /միզուկի բորբոքման/, շագանակագեղձի անոթների վարիկոզ լայնացումը նույնպես կարող է սերմի մեջ արյան առկայության պատճառ լինել: Շատ հազվադեպ հեմատոսպերմիայի պատճառ կարող են հանդիսանալ որոշ սիստեմային հիվանդություններ: Պրակտիկորեն 40-ից ցածր տղամարդկանց մոտ հանդիպող արյան առկայությունը սերմի մեջ երբեք պայմանավորված չի որևէ չարորակ հիվանդության հետ: 40-ից բարձր տարիքում այդ հավանականությունը կա, բայց չնչին է: Ամեն դեպքում հատուկ հետազոտությունների անհրաժեշտություն կլինի միայն այն դեպքում, եթե արյան առկայությունը սերմի մեջ կրկնվի և շարունակվի /նկատվի պարբերաբար/ ավելի քան 1 ամիս:

Հարգանքներով՝

Ռուբեն Ռոմենի Բորոյան

Աստղիկ ԲԿ ուրոլոգիայի կլինիկայի ղեկավար

Հեռ. ՝ 091 407125

Հաստ աղիքի ուռուցքը հեռացնելուց հետո, մետաստազները տարածվել են լյարդի մեջ: Մի՞թե քիչ ժամանակ է մնացել ապրելու:

Հարց`

Հարգելի բժիշկ, իմ հայրիկի մոտ օգոստոս ամսին հայտնաբերվեց հաստ աղիքի ուռուցք, վիրահատեցին, իսկ հունվար ամսից նա իրեն սկսեց վատ զգալ: Եվս մեկ անգամ հետազոտվեց, իմացանք, որ մետաստազները տարածվել են լյարդի մեջ: Նրան մի անգամ քիմիա արեցին, երկրորդ անգամ չարեցին: Հիմա նա դեղեր է խմում, բայց վիճակը շատ վատ է: Արյան օնկոմարկերները նույնպես շատ բարձր են: Մի՞թե քիչ ժամանակ է նրան մնացել ապրելու:

Պատասխան՝

Առանց տեսնելու նրա հետազոտության պատասխանները՝ չենք կարող պատասխանել այդ հարցին, սակայն մետաստազների առկայությունը դեռևս չի նշանակում, որ բուժում չկա. պետք է դիմել օնկոլոգի, քիմիաթերապևտի:

Հարգանքներով՝

Գայանե Վլադիմիրի Ղազարյան

Աստղիկ ԲԿ-ի Օնկոլոգիայի ծառայության ղեկավար

Հեռ. ՝ 010 775952

Ինչպե՞ս խուսափել կոպերի հաստացմամբ պայմանավորված թարթիչների նոսրացումից:

Հարց`

Հարգելի բժիշկ, ասեք, խնդրում եմ, ինչպե՞ս խուսափել կոպերի հաստացմամբ պայմանավորված թարթիչների նոսրացումից:

Կանխավ շնորհակալ եմ՝ Վարդան:

Պատասխան՝

Հարգելի Վարդան, հիվանդության պատճառները կարող են տարբեր լինել, այդ թվում՝ ընդհանուր /սոմատիկ/ հիվանդությունները, սակայն ամենահավանական պատճառը բլեֆարիտն է՝ կոպերի և դրանց գեղձերի բորբոքումը: Անկախ ամեն ինչից՝ անհրաժեշտ է լիարժեք ստուգում և բուժում ակնաբույժի մոտ:

Նատալի ֆարմ ՍՊԸ Մալաթիա ԲԿ ակնաբույժ՝ Անահիտ Ալբերտի Տիտանյան

Հեռ.՝ 774670, Աշխ. ժամերը՝ երկ.-ուրբ., 9.00-15.00

Դեմքի մազերը եթե հեռացնեմ էպիլացիայի միջոցով, կազատվե՞մ մազերից, թե՞ ավելի կշատանա:

Հարց՝

Հարգելի բժիշկ, արդեն բավական երկար ժամանակ է ինչ դեմքիս մազեր են աճում, ստուգվեցի , դեղեր նշանակեցին խմեցի, սակայն ոչ մի փոփոխություն, գնալով ավելի են շատանում: Եթե հեռացնեմ էպիլացիայի միջոցով, կազատվեմ, թե ավելի կշատանա: Խնդրում եմ Ձեզ ինչ-որ խորհուրդ տալ:

Մարի

Պատասխան՝

Հարգելի Մարի,

Ես Ձեզ պետք է տեսնեմ՝ ինչ բուժում եք ստացել, միգուցե ոչ պատշաճ է դա եղել…

Իսկ էլեկտրոէպիլյացիան շատ լավ, ռադիկալ մեթոդ է, և կարող է ձեզ օգնել:

Կարող եք նաև մոտենալ ինձ՝ ավելի մանրամասն ձեզ զննելու և ճիշտ բուժում նշանակելու համար:

Հարգանքներով՝

Իննա Գեորգիի Պերսոյան

Աստղիկ ԲԿ-ի Կանանց կոնսուլտացիայի բաժանմունքի վարիչ

Հեռ: (37491) 252871

E-mail: inna_persoyan@list.ru

Եթե մարդն ունենում է բնածին սրտի արատ, արդյոք դա մահացո ՞ւ է:

Հարց՝

Հարգելի բժիշկ, եթե մարդն ունենում է բնածին սրտի արատ, արդյոք դա մահացո ՞ւ է: Եթե այո, ապա մարդն ինչքան ապրելու հարաորություն է ունենում: Եվ արդյոք դրանից մարդու շրթունքները կապտու ՞մ են:

Պատասխան՝

Հարգելի Լիլիթ,

կան սրտի տարատեսակ բնածին արատներ, դրանց մի մասին (այսպես կոչված “կապույտ արատներին”) բնորոշ է շրթունքների անցողիկ կամ մշտական կապտությունը: Արատի առկայության դեպքում ռիսկերը գնահատելու համար անհրաժեշտ են սրտաբանի կոնսուլտացիա և գործիքային հետազոտություններ (էլեկտրոկարդիոգրաֆիա, էխոկարդիոգրաֆիա), այս ամենը բարձր մակարդակով կատարվում է մեր կենտրոնում: Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք զանգահարել (010) 77-83-81 (լր. 216) հեռախոսահամարով:

Հարգանքներով՝

Զառա Էդուարդի Կարտոյան

Առիթմոլոգիական սրտաբանական

բաժանմունքի ղեկավար

Հեռ: (+37410) 77-83-81

Հարգելի բժիշկ, կերակրող մայր եմ, խնդրում եմ խորհուրդ տվեք՝ ինչ անել կրծքի ճաքերի դեմ:

Հարց՝

Հարգելի բժիշկ, կերակրող մայր եմ, խնդրում եմ խորհուրդ տվեք՝ ինչ անել կրծքի ճաքերի դեմ:

Պատասխան՝

Կերակրող մայրերի 10-15%-ի մոտ առաջանում են պտուկների մեխանիկական վնասվածքներ: Պտուկների ճաքերն ու վնասվածքները կրծքով կերակրման առավել տարածված և լուրջ խնդիրներից են, որոնք առաջանում են ծննդաբերության հենց առաջին օրերից ու շաբաթներից: Բայց այդ խնդիրը կարելի է և անհրաժեշտ է լուծել, որպեսզի թե երեխան, և թե մայրը չզրկվեն կրծքով կերակրման առավելություններից:

Լվանալ պտուկներն օճառով յուրաքանչյուր կերակրումից առաջ, ինչպես նախկինում խորհուրդ էին տալիս բժիշկները, պետք չի, և նույնիսկ վնասակար է: Օճառը չորացնում է պտուկի մաշկը, ինչն արդեն իսկ նպաստում է ճաքերի առաջացմանը: Այս իսկ պատճառով պետք չի հաճախ լվանալ կուրծքը, եթե դրա խիստ անհրաժեշտությունը չկա:

Կերակրումից հետո ցանկալի է շուրջ 15 րոպե կրծքագեղձերը բաց թողնել մինչև պտուկներին մնացած կաթի չորանալը /օդային վաննաներ՝ շուրջ 15 րոպե/. կաթն ունի անտիսեպտիկ հատկություն և կարող է կանխարգելել ճաքերի և վնասվածքների առաջացումը: Այն դեպքում, երբ կինն օգտագործում է ճաքերի առջացումը կանխարգելող միջոցներ /քսուքներ/, անհրաժեշտ է հետևել տվյալ քսուքի կիրառման մեթոդներին:

Յուրաքանչյուր դեպքում ճաքերի բուժումը չի կարելի ուշացնել, քանի որ, նախ՝ պտուկների ճաքերն ուղեկցվում են տհաճ և ցավոտ զգացումներով կերակրման ընթացքում, երկրորդ՝ ճաքերի կարող են վարակի պատճառ հանդիսանալ, իսկ վարակը կարող է ներթափանցել կաթի մեջ, ավելին՝ վարակը կարող է նաև կրծքագեղձի բորբոքման պատճառ դառնալ /մաստիտ/, ինչը վտանգի տակ է դնում երեխայի՝ կրծքով կերակրման հետագա ընթացքը:

Հարգանքներով՝

Իննա Գեորգիի Պերսոյան

Աստղիկ ԲԿ-ի Կանանց կոնսուլտացիայի բաժանմունքի վարիչ

Հեռ: (37491) 252871

E-mail: inna_persoyan@list.ru

Կանացի սեռական օրգանների բորբոքումները կարո՞ղ են չբերության պատճառ լինել:

Հարց՝

Հարգելի բժիշկ, ասեք, խնդրում եմ, կանացի սեռական օրգանների բորբոքումները կարող են չբերության պատճառ լինել:

Պատասխան՝

Ցանկացած պարագայում, եթե կան բորբոքումներ, անհրաժեշտ է բուժել, նոր հղիանալ:

Հարգանքներով՝

Իննա Գեորգիի Պերսոյան

Աստղիկ ԲԿ-ի Կանանց կոնսուլտացիայի բաժանմունքի վարիչ

Հեռ: (37491) 252871

E-mail: inna_persoyan@list.ru

КАК ЛЕЧИТСЯ ЮВЕНИЛЬНЫЙ РЕВМАТОИДНЫЙ АРТРИТ ?

Вопрос

Здравствуйте мне сейчас 30 лет болею с 10 лет У меня деформация коленных сустав 2 Дня назад сдала анализы -они хорошие рф нормальный воспаления нету но боли ужасные из-за деформации костей Врачи сказали что нужна операция коленного сустава Нога уже не сгибается. Хотела бы узнать делаят ли у вас такие операции и если да то сколько она стоит Заранее благодарна вам.

Ответ

Операции на коленном суставе очень разнообразны, техническое обеспечение и квалификация врачей отделения ортопедии МЦ “Натали Фарм Малатия” дают возможность производить операции по современным методам лечения. Но перед тем, как поставить диагноз и выбрать метод лечения, в первую очередь надо осмотреть пациента т.е. Вас. Если не трудно принесите с собой все результаты Ваших обследований.

С уважением Хорен Петросян

зав. отделением травматологии и ортопедии.

Xoren-Petrosyan (1)

Ինչպե՞ս բուժել սթրեսային անմիզապահությունը

Հարց`

Հարգելի բժիշկ, մեկ ամիս է ինչ ինձ մոտ ուժեղ բրոնխիալ հազ է, և այս մեկ ամսվա ընթացքում այդ հազի արդյունքում ինձ մոտ սկսվել է անմիզապահություն, այսինքն՝ դա արտահայտվում է ամեն անգամ հազալիս, եթե նույնիսկ ես մեկ րոպե առաջ միզապարկս դատարկած լինեմ: Ես ունեմ երկու երեխա, ինձ ասացին, որ հաճախ կանանց մոտ կարող է սկսվել անմիզապահություն երեխաներ ունենալու արդյունքում և դա չի բուժվում, դա արդյոք ճիշտ է:

Քրիստինե

Պատասխան՝

Հարգելի Լիլիթ, անմիզապահության այն տեսակը, որը դուք նկարագրում եք, դասվում է, այսպես կոչված՝ սթրեսային անմիզապահության կարգին /անմիզապահություն լարման արդյունքում/: Սթրեսային անմիզապահության հիմնական պատճառը միզապարկում հանգստի ժամանակ մեզի պահպանման համար պատասխանատու անատոմիական կառույցների խախտումն է /միմյանց հետ փոխհարաբերությունների փոփոխությունը, օրինակ՝ հետին միզուկի անկյան խախտումը/: Նման փոփոխությունների առաջացմանը նպաստում են ծանր ծննդաբերությունները, կոնքի օրգանների վիրահատությունները և մի շարք այլ հանգամանքներ: Սթրեսային անմիզապահության բուժման նպատակն այդ խախտված անատոմիական կառույցների վերականգնումն է, օրինակ՝ միզուկի փոփոխված անկյան շտկումը, հետևաբար՝ հիմնական բուժման միջոցը վիրահատությունն է: Վերջին շրջանում մեծ վիրահատությունների փոխարեն կիրառվում են քիչ միջամտական միջոցներ՝ միզուկի անկյունը շտկող հատուկ լենտերի տեղադրում, օրինակ՝ TOT լենտի տեղադրում: Այս կարգի վիրահատությունները կատարվում են արագ, չեն պահանջում ընդհանուր անզգայացում /նարկոզ/, և հիվանդները դուրս են գրվում նույն օրը: Այս կարգի վիրահատությունների սահմանափակումներից մեկը հիմնականում այդ լենտերի բարձր արժեքն է: Իհարկե, այն դեպքերում, սթրեսային անմիզապահությունը մշտական չէ, զգալիորեն չի նվազեցնում կյանքի որակը, ցանկացած միջամտություններից պետք է խուսափել:

Հարգանքներով՝ պրոֆեսոր Բորոյան

Աստղիկ ԲԿ Ուրոլոգիայի կլինիկայի ղեկավար

Հեռ.՝ 091 407125

Ամուսնուս ոտքը ցավում էր, դեղերը չօգնեցին, ցավը սաստկանում է, ի՞նչից կլինի:

Հարց`

Հարգելի բժիշկ, մեկ շաբաթ առաջ ամուսնուս վոտքը ցավում էր, դիմեցինք նյարդաբանին, նա լսեց ամուսնուս գանգատները: Ամուսինս գանգատվում էր ոտքի ցավից, որի վերևի հատվածից ցավը խփում էր կոճին: Նյարդաբանը լսելով նրան՝ դուրս գրեց դեղեր, սակայն այդ դեղերը չօգնեցին: Ներկա պահին ամուսինս աշխատանքի բերումով գտնվում է ՌԴ-ում: Այս դեղերը ընդունելուց հետո ցավը մեղմանում է, սակայն որոշ ժամանակ հետո, երբ քայլում է, ցավը սաստկանւմ է: Խնդրում եմ, պատասխանեք՝ ինչից է սաստկանում ցավը:

Քրիստինե

Պատասխան՝

Հարգելի Քրիստինե, ցավերը հիմնականում պայմանավորված են լինում ողնաշարի դեգեներատիվ, դիստրոֆիկ ախտահարումով կամ միջողային դիսկի ճողվածքով, որը ճնշում է ներվարմատին: Ախտորոշման համար անհրաժեշտ է ողնաշարի գ/ս հատվածի ՄՌՏ հետազոտություն:

Հարգանքներով՝ Գայանե Հմայակի Վարդանյան

Աստղիկ ԲԿ նյարդաբան

Հեռ.՝ 093528033

Քրոնիկ ցիստիտը չի բուժմվում, արդյո՞ք դա ճիշտ կարծիք է:

Հարց`

Հարգելի բժիշկ, երկար տարիներ տառապում եմ ցիստիտ հիվանդությամբ, եղել եմ տարբեր բժիշկների մոտ, բայց ոչ մի արդյունք, լսել եմ, որ քրոնիկ ցիստիտը չի բուժմվում, արդյոք դա ճիշտ կարծիք է:

Սյուզաննա

Պատասխան՝

Հարգելի Նելլի, յուրաքանչյուր դեպքում ստորին միզուղիների ինֆեկցիայի բուժումը հնարավոր է, պետք է հաշվի առնվեն բոլոր այն հանգամանքները, որոնք կարող են դեր ունենալ այդպիսի ինֆեկցիայի պահպանման համար: Երբեմն քրոնիկ ցիստիտի բուժում է համարվում ոչ թե հիվանդության վերացումը, այլ ռեմիսիաների ժամանակի երկարացումը, այսինքն՝ բուժում է համարվում, երբ հիվանդության սուր կրկնման մեջ ինտերվալները երկարում են: Եթե սուր ցիստիտի էպիզոդները երկարում են ամսական մեկ անգամ, ապա բուժման արդյունքում այդ ինտերվալները կարող են դառնալ տարեկան մեկ անգամ, մի քանի տարվա մեջ մեկ անգամ:

Սակայն բուժման նպատակը, ամեն դեպքում, ինֆեկցիայի լիարժեք վերացումն է, որի համար կիրառվում է բազմակողմանի մոտեցում՝

1. հայտնաբերվում է միզային ինֆեկցիայի հարուցչի տեսակը կամ տեսակները և դրանց քանակը,

2. հայտնաբերվում և վերացվում են կամ նվազեցվում են միզային ինֆեկցիայի պահպանման գործոնները,

3. ուժեղացվում է միզային ինֆեկցիաների դեմ պայքարող սպեցիֆիկ իմունիտետը /դիմադրողականությունը/,

4. նվազեցվում է միզուղիների ինֆեկցիաների հանդեպ ընկալունակությունը:

Գրագետ օգտագործելով ժամանակակից ախտորոշման և բուժման միջոցները՝ այս բոլորին կարելի է հասնել շատ արագ, արդյունավետ և նվազագույն ծախսերով:

Հարգանքներով՝ պրոֆեսոր Բորոյան

Մալաթիա ԲԿ-ի Ուրոլոգիայի կլինիկայի ղեկավար

Հեռ.՝ 091407125

Ունեմ երեք ամսական հղիություն, մոտ երեք շաբաթ է ինչ հազում եմ

Հարց`

Հարգելի բժիշկ, ունեմ երեք ամսական հղիություն, մոտ երեք շաբաթ է ինչ հազում եմ, փորձել եմ բոլոր ոչ վնասակար կանխարգելող միջոցները, բայց արդյունք չկա: Ցանկանում եմ իմանալ՝ հնարավոր է, որ հղիությունս շարունակվի հազով՝ մինչև վերջ, Ձեր պրակտիկայում եղել է արդյոք նման դեպք:

Սյուզաննա

Պատասխան՝

Հարգելի Նարինե, հազը սովորաբար երկար ժամանակ է պահանջում մինչ բուժումը, սակայն դուք անպայման պետք է դիմեք թերապևտի այն կանանց կոնսուլտացիայում, որտեղ դուք հաշվառված եք, որպեսզի լսեն ձեր թոքերը և անհրաժեշտության դեպքում նաև ռենտգեն հետազոտություն նշանակեն, եթե հանկարծ լինի թոքաբորբի կասկած: Չի կարելի զբաղվել ինքնաբուժությամբ: Եթե դեռ որևէ տեղ որպես հղի չեք հաշվառվել, ապա կարող եք մոտենալ Մալաթիա ԲԿ և հաշվառվել մեզ մոտ:

Իննա Գեորգիի Պերսոյան

Մալաթիա ԲԿ Կանանց կոնսուլտացիայի բաժանմունքի վարիչ

Հեռ.՝ 010 773492

Կարճատեսությունը հնարավոր է արդյո՞ք բուժել դեղորայքի միջոցով

Հարց`

Հարգելի բժիշկ, ասեք, խնդրում եմ, -1.5 կարճատեսությունը հնարավոր է արդյոք բուժել դեղորայքի միջոցով:

Սյուզաննա

Պատասխան՝

Հարգելի Սյուզաննա, եթե Ձեզ մոտ օբյեկտիվ կարճատեսություն է /հաստատված բժշկի կողմից/, ապա պետք է կրեք օպտիկական ակնոց, սակայն եթե դա կեղծ կարճատեսություն է /սպազմ/, ապա պետք է այցելել ակնաբույժի՝ ավելի մանրամասն հետազոտության և բուժման համար:

Նատալի ֆարմ ՍՊԸ Մալաթիա ԲԿ ակնաբույժ՝ Անահիտ Ալբերտի Տիտանյան

Հեռ.՝ 774670, Աշխ. ժամերը՝ երկ.-ուրբ., 9.00-15.00